Հայաստանն ու Վրաստանը կարող էին համագործակցել հօգուտ տարածաշրջանային կայունության, սակայն չի բացառվում, որ Հայաստանը տրվի ռուսական ճնշումներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի հանրային կապերի միջազգային քաղաքականության համակարգող, վրաստանցի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն՝ անդրադառնալով Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամին, ռուսական զավթողական քաղաքականոթյանը:
Նա նշեց, որ տարածաշրջանում Ռուսաստանի վարած անընդունելի քաղաքականությունը ստիպում է Անդրկովկասյան երկրներին միացնել ուժերը և նոր համաձայնություններ ձեռք բերել: Ըստ նրա՝ հնարավոր են նոր համաձայնություններ և պետք է լինեն: Սակայն՝ որքանով են դրանք հնարավոր, երբ Ռուսաստանն ակնհայտորեն մեծ ճնշումներ է բանեցնում Հայաստանի վրա, Շարաշենիձեի խոսքով, ամենագլխավոր հարցը դա է: «Ի դեպ՝ Վրաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում ուժեղ չեզոքություն է պահպանում, սա ևս պետք է հաշվի առնել, Վրաստանն ու Ադրբեջանն իրարից չազափանց կախված են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակներով: Իդեալական ելք կլիներ, եթե կնքվեր եռակողմ որևէ համաձայնություն, բայց դա ԼՂ-ի պատճառով հնարավոր չէ: Անդրկովկասը պետք է միավորվի, բայց ամենագլխավոր հարցը ԼՂ չկարգավորված հակամարտությունն է»,- ասաց նա:
Հարցին, թե Վրաստանի ՆԱՏՕ հնարավոր անդամակցությունը, երբ խոսում են արդեն գործողությունների ծրագրի ներկայացման մասին, անցնցում կլինի Վրաստանի համար, պատասխանեց, որ չի հավատում, մինչև վերջ վստահ չէ, որ Վրաստանը կստանա անդամակցության գործողությունների ծրագիր, որովհետև ինչպես մենք գիտենք, Գերմանիայի դիրքորոշումը չի փոխվում, չնայած Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, Գերմանիան կարծում է,որ հիմա ավելի լավ է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե լարել հարաբերությունները, թեև շատ բան կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի Ռուսաստանը: Ըստ նրա՝ եթե Ռուսաստանը շարունակի Եվրոպայի հետ հակամարտությունը, ապա ոչինչ չի փոխվի Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, իսկ ներկայիս պարագայում ոչ մի նոր բան չի ակնկալվում:
«Եթե լինի այդ գործողությունների ծրագիրը, Ռուսաստանի հետ խնդիր կլինի, քանի որ Վրաստանը չափազանց խոցելի է: Կան խնդիրներ օկուպացիոն գծի հետ կապված, վերջապես ավելանում են ռուսամետության կողմնակիցների բողոքի ակցիաները, թեև դրանք բազմամարդ չեն, եթե հարկավոր լինի, սա կարող է օգտագործվել պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է պաշտպանել այդ մարդկանց»,- ասաց նա: Հարցին, թե ինչ կարծիքի է Ջավախքը որպես լծակ օգտագործելու մասին, ասաց, որ հույս ունի, որ չի կարող օգտագործվել, չնայած կան անհանգստացնող խոսակցություններ, որ Ջավախքում բաժանում են ռուսական անձնագրեր և այլն, և այլն:
«Հույս ունեմ, որ հարցը դրան չի հասնի: Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը չտրվի այս հարցում Ռուսաստանի ճնշումներին, ամենակարևոր հարցը սա է: Մնացած հարցերում Վրաստանի լուծելու հարցն է: Որքանով հաջող կշարունակվեն այն բարեփոխումները, որոնք իր ժամանակ Սաակաշվիլին նախաձեռնել էր Ջավախքում՝ ավելի մեծ տնտեսական ու սոցիալական ինտեգրացիա էթնիկ հայերի համար:՚ Ես իմ փորձից կարող եմ ասել , սկզբում այնտեղ շատ վատ էր ամեն բան, չկային վրացական լրատվամիջոցներ, հեռուստաալիքներ, բնակչությունը համարյա չէր խոսում վրացերեն, հիմա ամեն ինչ փոխվել է դեպի լավը»,- ասաց Շարաշենիձեն:











































