Երեկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը հրապարակեց ինֆորմացիա չտրամադրելու հետևանքով «սև ցուցակում» հայտնված պաշտոնյաների անունները։
Այս կապակցությամբ «Առաջին» լրատվականը զրուցել է Խոսքի ազատության կենտրոնի ղեկավար Աշոտ Մելիքյանի հետ, ով իր խոսքում մասնավորապես նշեց, որ ի տարբերություն Հայաստանի, զարգացած ժողովրդավարական երկրների պետական ատյաններն աշխատում են ավելի բաց ու թափանցիկ աշխատել ու տեղակատվությունը տրամադրել։ Պատճառն ըստ նրա այն է, որ զարգացած ժողովրդավարական երկրներում պետպաշտոնյաները ձգտում են ավելի թափանցիկ աշխատել, կոնֆլիկտների մեջ չմտնել լրատվամիջոցների հետ «հետագայում լուրջ խնդիրների մեջ չընկնելու պատճառով։ Այնտեղ դա կարող դառնալ լուրջ միջադեպի առաջկա, դառնալ լուրջ քննարկման թեմա»։ Այդուհանդերձ, ըստ Ա.Մելիքյանի, ներկայում Հայաստանում տեղեկատվության տրամադրման առումով նախորդ տարիների համեմատ առաջընթաց է գրանցվել։
«Հիմա մեր պաշտոնյաները սովորում են տեղեկատվություն տրամադրել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ լրատվամիջոցները չպետք է բավարարվեն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությամբ, պետք է փնտրեն ալտերնատիվ աղբյուրներ ու համադրեն տեղակատվությունները։ «Ցավոք, այդ պրակտիկան այնքան էլ տարածված չէ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ առումով դեռ անելիքներ շատ կան։











































