Վաշինգտոնը չի դիտարկում Ուկրաինայում տիրող իրավիճակի ռազմական լուծման հնարավորությունը և չի կարծում, որ իրավիճակը կարող է կարգավորվել ռազմական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Տարբերակների թվում ռազմական լուծում չկա»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որոնց դեպքում ոչ կանոնավոր ռազմական միավորումները վայր կդնեն զենքն ու կազատեն գրավված շենքերը:
Օբամայի խոսքով՝ անհրաժեշտ է ազգային երկխոսություն ուկրաինացիների միջև: «Նրանց առաջ շարժվել թույլ կտան բարեփոխումները, որոնք կբխեն Ուկրաինայի ներսում գտնվող տարբեր խմբերի շահերից, ընտրությունների անցկացումը և տնտեսության կարգի բերումը: Հենց դա էլ կլուծի խնդիրը»,- հայտարարել է Օբաման:
Օբաման նաև խոստովանել է, որ Ուկրաինայում ռուսներին և ռուսախոսներին պետք է տրամադրվեն իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ժնևում կայացել են քառակողմ բանակցություններ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի և եվրահանձնակատար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքներով ընդունվել է որոշում Ուկրաինայում հակամարտության լիցքաթափման մասին:







































