Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանն ունեն եվրոպական հեռանկար և կարող են Եվրոպական միության անդամակցության հայտ ներկայացնել՝ նրանց կողմից ժողովրդավարության սկզբունքների պահպանության դեպքում։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի «Ռուսաստանի ճնշումը «Արևելյան գործընկերության» երկրների վրա և արևելյան Ուկրաինայի ապակայունացումը» բանաձևում, որն ընդունվել է Ստրասբուրգի նստաշրջանում։
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն» գործակալությունը, Եվրախորհրդարանն ընդգծում է, որ Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի և «Արևելյան գործընկերության» մյուս երկրների հետ չի հանդիսանում վերջնակետը ԵՄ-ի հետ հարաբերություններում, և նշում է, որ ԵՄ-ի մասին Պայմանագրի 49 հոդվածով՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, ինչպես նաև ցանկացած եվրոպական պետություն, ունեն եվրոպական հեռանկար և կարող են ԵՄ-ի անդամ դառնալու հայտ ներկայացնել՝ պահպանելով ժողովրդավարության սկզբունքները, հարգելով հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքները, փոքրամասնությունների իրավունքները և իրավունքի երաշխավորված գերակայությունը»,- ասվում է բանաձևում։
Ներկա նստաշրջանը վերջինն էր Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ, որոնք տեղի կունենան մայիսի 23-25-ը։









































