Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց և ավարտվեց Արմենուհի Սիմոնյան-Սարհատյանի գործի դատական քննությունը:
Արմենուհի Սիմոնյան-Սարհատյանը մեղադրվում էր կավատության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:
Ճշտվեց ամբաստանյալի անձը՝ 1970 թվականին ծնված, միջնակարգ մասնագիտական կրթությամբ, ամուսնալուծված, չի աշխատել, Վրաստանում նախկինում դատապարտվել է ուրիշի անվամբ կեղծ անձնագրի օգտագործմամբ սահմանն ապօրինի հատելու ժամանակ սահմանային անցակետի աշխատողին կաշառք տալու փորձի համար: Համաներմամբ ազատվել է 1 տարի 10 ամիս անազատության մեջ մնալուց հետո:
Դատարանում ստացվել էր ամբաստանյալի միջնորդությունն արագացված կարգով քննություն կատարելու վերաբերյալ:
Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ 1998 թվականից ԱՄԷ-ում մարմնավաճաություն անելով՝ 2001-2002 թվականներին Արմենուհի Սիմոնյան-Սարհատյանը Աբու Դաբիում զբաղվել է կավատությամբ: 2001 թվականի ապրիլին Հայաստանում գտնվելու ժամանակ Արմենուհին Վանաձորի բնակչուհի Ղ-ին համոզել է մարմնավաճառության համար մեկնել Դուբայ և Աբու Դաբի: Նա օգնել է, որ Ղ.-ն ԱՄԷ-ի մուտքի արտոնագիր ստանա, մարմնավաճառություն անի Աբու Դաբիում: 2001 թվականի հունիսից 2002 թվականի փետրվար Ղ.-ն մարմնավաճառություն է արել, Արմենուհին էլ նպաստել է նրա՝ մարմնավաճառությամբ զբաղվելուն, կազմակերպել է նրա «աշխատանքը», հանդիպեցրել հաճախորդների հետ: Արմենուհու ստացած գույքային օգուտը այդ մարմնավաճառուհուց կազմել է քսաներկու հազար դոլար:
Ամբաստանյալ Արմենուհի Սիմոնյան-Սարհատյանը մեղքն ընդունեց, արագացված դատաքննության միջնորդությունը պնդեց:
Արագացված կարգի կիրառմամբ դատաքննության վերաբերյալ նախագահողը պարզաբանումներ կատարեց, բացատրեց, որ ամբաստանյալն այդ կարգով դատվելու դեպքում կարող է դատապարտվել առավելագույնը 2 տարի 8 ամիս ազատազրկման:
Արմենուհին հետախուզման մեջ է եղել, կամովին ներկայացել է Բագրատաշենի սահմանակետ:
Ինտերպոլի ազգային բյուրոյից ստացված նամակի համաձայն՝ Արմենուհին 2009 թվականին Աջարիայում՝ Բաթումիում բռնվել է այլ անունով կեղծ անձնագրով սահմանը հատելու ժամանակ սահմանային անցակետի աշխատողին կաշառք տալու համար:
7 տարի 5 ամիս 15 օր ազատազրկման է դատապարտվել 2010 թվականին:
2011 թվականին համաներմամբ ազատվել է:
2014 թվականի մարտի 3-ի որոշմամբ համաներման կիրառմամբ կարճվել է մինչև 2001 թվականը Արմենուհու կատարած հանցավոր արարքի վերաբերյալ վարույթը:
Մեղադրող Արամ Գրիգորյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա միջնորդեց Արմենուհի Սիմոնյան-Սարհատյանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար, դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման, կիրառել համաներում և ազատել պատժի կրումից:
Պաշտպան Ռուստամ Խաչատրյանն իր ճառում ասաց. «Շնորհակալություն մեղադրողին մարդասիրական մոտեցման համար: Ուզում եմ ասել, որ իմ պաշտպանյալը վերջին տարիներին փոխել է իր ապրելակերպը: Հիմա, հավատացնում եմ, նա գիշեր-ցերեկ լաց է լինում, զղջացել է, դրանում համոզվել եմ՝ որպես պաշտպան նրա հետ ունեցած հանդիպումների ընթացքում: Մինչև չիմանամ, որ մարդն իրականում զղջացել է, էսպիսի գործերով պաշտպանությունը չեմ ստանձնում: Իմ պաշտպանյալն իսկապես զղջացել է, ճիշտ ճանապարհին է կանգնել, ուզում է ընտանիք կազմել, նորմալ կյանքով ապրել: Թող գնա մարդ դառնա, շարունակի իր կյանքը, ապագա ունենա»:
Ամբաստանյալ Արմենուհին պաշտպանի խոսքերին համապատասխան լաց էր լինում: Նա միացավ պաշտպանի ճառին:
Վերջին խոսքում ամբաստանյալ Արմենուհին շատ շնորհակալություն հայտնեց, ասաց, թե բոլոր արարքների համար զղջում է. «Ցանկանում եմ նորմալ աշխատել, ազնիվ ապրել: Այսքանը, շնորհակալություն»:
Նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Ընդհանուր իրավասության դատարանը Արմենուհի Սիմոնյան-Սարհատյանին մեղավոր ճանաչեց պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով, դատապարտեց 2 տարի 6 ամիս ազատազրկման, ապա համաներման կիրառմամբ ազատեց պատժի կրումից:
Ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը վերացվեց, նա անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում: Եվ գնաց տուն:









































