Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, ովքեր տարիներ շարունակ կառավարության շենքի մոտ ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով բացահայտել իրենց որդիների սպանության գործերը, այսօր մեզ հետ զրույցում նշեցին, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում իրենց շոկի մեջ է գցել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բանակում խաղաղ պայմաններում զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, նշեց, որ երկրում անձերի փոփոխությամբ իրական փոփոխություն հնարավոր չէ իրականացնել, պետք է համակարգափոխություն, իրատեսություն:
«Ջայլամի քաղաքականությունը բոլորովին չի օգնի, առաջին հերթին պետք է վերանան բանակում սպանությունները, մյուս խնդիրներն էլ կարգավորվեն»,- ասաց Անահիտ Մկրտչյանը:
Նրանց խոսքով՝ թեև չեն կարծում, որ որևէ բան կփոխվի, այնուամենայնիվ՝ պահանջելու են Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում:
Առաջիկայում մայրերը իրենց ընդունելու դիմում կներկայացնեն, թեև ակնկալիք չունեն, բայց շարունակելու են պահանջել, քանի որ պարտավոր են բացահայտել:
«Պահանջելու ենք մեղավորներին պատժել, մենք համոզված ենք որ մեր երեխաներին սպանել են: Մինչև այդ գործերը չբացահայտվեն, մենք չենք հանգստանա»,- ասաց սպանված զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը:









































