Ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը:
Ավանեսյանը միաժամանակ տեղեկացրել է, որ դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները:
Ռուսաստանի մաքսային օրենսգրքի հիման վրա ձևավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում: Միության մաքսային օրենսգրքում ներառված է 11 553 տող ապրանք: Բռնելով Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհը՝ պաշտոնական Երևանը բանակցություններ սկսեց մոտ 900-ի շուրջ բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծումը շարունակվի Հայաստանում գոյություն ունեցող ավելի ցածր դրույքաչափերով:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:








































