«Այս տարի արձանագրվել է արտահանման տեմպերի հարաբերական աճ և ներմուծման տեմպերի հարաբերական նվազում: Վերջին 5 ամիսների ցուցանիշներով դրական կարելի է համարել, որ արտահանման աճի տեմպերը եղել են ավելի բարձր, քան ներմուծման աճի տեմպերը: Ուղղակի մեր արտահանում/ներմուծում հարաբերակցությունը 1/4 է: Այսինքն՝ տեմպերը 4 անգամ առնվազն պետք է բարձր լինեն, որպեսզի առևտրային հաշվեկշիռը բացասական չլինի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպե՞ս է փոխվել առևտրային հաշվեկշիռը, և ի՞նչ զարգացումներ են սպասվում այս առումով:
Բ. Ասատրյանի խոսքով, Հայաստանը շարունակում է մնալ սպառող երկիր: Նրա կանխատեսումներով, տարվա տվյալներով, ներմուծումը կկազմի 4 մլրդ դրամ, արտահանումը՝ լավագույն դեպքում 1,5 մլրդ դրամ. «Ճեղքվածքը լինելու է 2 անգամ ավելի մեծ, քան արտահանման ծավալները»:
Բ. Ասատրյանը նշեց, որ ՀՀ-ն մի երկիր է, որ պահուստային ռեզերվ չունի և կախված է հայրենակիցների քմահաճույքներից:
«Իշխանությունները շարունակում են անհեռանկար քաղաքականությունը՝ վաճառում են մեր ժառանգների սեփականություն հանդիսացող պահուստային միջոցները: Արտաքին պահուստների մակարդակը դեկտեմբերին 1 մլրդ 865 մլն է եղել, ապրիլին՝ 1 մլրդ 765 մլն: Այսինքն, 5 ամիսների ընթացքում 100 մլն դոլար է վաճառվել, և սրա միջոցով է արտարժույթի շուկայում համեմատական կայունություն պահպանվում»,- ասաց Բ. Ասատրյանը:










































