Այն, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հսկայական ունեցվածքի է տիրապետում, հայտնի է բոլորին: Մինչ գործարար Սիլվա Համբարձումյանին ապտակելը և Բուդաղյանների հետ միջադեպը, այսինքն, երբ դեռ Սյունիքի մարզպետն էր, նա մեծ ոգևորությամբ շարունակում էր ավելացնել իր հարստությունը: Ընդ որում՝ այդ գործընթացը դուրս էր եկել Սյունիքի մարզի շրջանակներից: Մոնումենտում կառուցվող նրա շքեղ առանձնատան մասին խոսեց նաև ինքը՝ Սուրեն Խաչատրյանը:
Բացի դրանից՝ «Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի մի մասի ցանկը, որտեղ հստակ երևում է, թե արդեն նախկին մարզպետն ինչ է կուտակել իր պաշտոնավարման ժամանակ, ինչ ճանապարհով և ում օգնությամբ:
- «Գորիսշին» ՓԲԸ-ի (նախկին շինարարական ՇՄՇ-21 հիմնարկություն)՝ պետությանը պատկանող վարչական շենքը 1999թ. սեպտեմբերի 9-ին ձևական աճուրդով 9 միլիոն դրամով վաճառվել է Սուրիկ Խաչատրյանի վարորդ Հրաչիկ Թունյանին: Այնուհետև կարճ ժամանակ անց` 2000թ. փետրվար ամսին, այն 89 միլիոն դրամով վերավաճառվել է ՀՀ էներգետիկայի նախարարությանը: Այսինքն՝ պետական մի գերատեսչությունից գնելով և այն անմիջապես պետական մեկ այլ գերատեսչության վաճառելու գործարքից Ս. Խաչատրյանը ստացել է 80 միլիոն դրամի շահույթ:
- Գորիսի քաղաքային սպառողական կոոպերատիվին պատկանող երկհարկանի հսկայական հանրախանութի շենքը (տարածքը 3580 քառ. մետր) 2004թ. սեպտեմբերի 17-ին վաճառք է ձևակերպվել Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էրիկ Խաչատրյանի անվամբ, իրական արժեքից մի քանի անգամ ցածր գնով (19 միլիոն դրամ), այնուհետև 2008թ. մայիսի 5-ին այն ձևական վաճառքով փոխանցվել է Սուրիկ Խարատրյանի անվամբ 2003թ. հուլիս ամսին ստեղծված և 2006թ. ապրիլ ամսին կնոջ` Լորետա Բարսեղյանի եղբայր Վարդան Բարսեղյանի անվամբ վերաձևակերպված «Տիգրան և Տրդատ» ՍՊԸ-ին:
- Գորիսի քաղաքային՝ 7 հարկանի հյուրանոցը (3400 քառ. մետր մակերեսով) 2004թ. դեկտեմբեր ամսին 14 միլիոն դրամ արժեքով (ՀՀ կառավարության 18.12.2004թ. թիվ 193 Ա որոշմամբ՝ այն գնահատվել է 59 միլիոն դրամ). ուղղակի վաճառք է ձևակերպվել սկզբում Սուրիկ Խաչատրյանի մյուս վարորդ Մ. Մալինցյանի անվամբ, այնուհետև 2007թ. օգոստոս ամսին այն վերաձևակերպվել է «Տիգրան և Տրդատ» ՍՊԸ-ի վրա:
- Գորիս քաղաքի կենտրոնական մասում գտնվող (Մաշտոցի 16) կենցաղային ծառայության տաղավարը (380 քառ. մետր մակերեսով երկհարկանի շենք). 2004թ. մարտի 1-ին վաճառք է ձևակերպվել Սուրիկ Խաչատրյանի կնոջ եղբայր Վարդան Բարսեղյանի անվամբ՝ ընդամենը երեք հարյուր հազար դրամ չնչին գումարով, այն 2005թ. հուլիս ամսին երեսուն միլիոն դրամով վերավաճառվել է Գորիս քաղաքի բնակիչ Ա. Ղազարյանին՝ ստանալով 29 միլիոն 700 հազար դրամի շահույթ:
- Գորիսի քաղաքային համայնքը (քաղաքապետ Ն. Ոսկանյան) 2007թ. հուլիս և 2008թ. փետրվար ամսին նույն Վարդան Բարսեղյանի անվամբ վաճառք է ձևակերպել քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող՝ համապատասխանաբար 75 քառ. մետր և 14 քառ. մետր տարածքներն ընդամենը մեկ միլիոն 500հազար դրամ գումարով և այն անմիջապես (2008թ. փետրվար ամսում) 15 միլիոն դրամով (10 անգամ բարձր) վերավաճառվել է Գորիս քաղաքի բնակիչ Գ. Գրիգորյանին: Հարց է առաջանում, ինչո՞ւ Գորիսի քաղաքային իշխանությունը այդ տարածքներն անմիջապես չի վաճառել Գ. Գրիգորյանին և ինչո՞ւ այդ հսկայական գումարները մուտք չեն եղել քաղաքային համայնքի բյուջե:
- Գորիսի քաղաքային համայնքը (քաղաքապետ Ն. Ոսկանյան) 2001թ. դեկտեմբեր ամսին քաղաքին պատկանող թիվ 2 բաղնիքի շենքը (530 քառ. մետր հողատարածք) սեփականության իրավունքով, ընդամենը 790 հազար դրամով հատկացրել է Սուրիկ Խաչատրյանի կնոջ մյուս եղբայր Մելիք Բարսեղյանին (աշխատում է Գորիսի տարածքային հարկային ծառայությունում՝ որպես պետի տեղակալ): Վերջինս այն 2002թ. հոկտեմբեր ամսին չորս միլիոն դրամով վերավաճառել է Հ. Ստեփանյանին՝ չկատարելով նաև օրենքով նախատեսված հարկային պարտավորությունները:
- Սուրիկ Խաչատրյանը, չարաշահելով մարզպետի պաշտոնը, 2007թ. օգոստոս ամսին իր թիկնապահի` Զարզանդ Նիկողոսյանի անվամբ սեփականացրել է Սյունիքի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող «Սդըղի լիճ» (պանսիոնատ) օբյեկտի 400 քառ. մետր մակերեսով շենք-շինությունը և հարակից հողատարածքի մեծ մասը (որի մասին վերջերս իր դժգոհությունը հայտնեց նաև առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանը), ընդամենը 9 միլիոն դրամով (հարց է մնում, այդ գումարն իրականում մուտք եղե՞լ է մարզպետարանի հաշվին, թե՞ ոչ): Սուրիկ Խաչատրյանն այդ տարածքից դուրս` անօրինական կարգով կառուցել է հսկայական ծածկած լողավազան, իր բոլոր հարմարություններով:
- Որոտանի ՀԷԿ-ին պատկանող շուրջ 13 հազար քառ. մետր տարածքները (շինություններով հանդերձ), Սուրիկ Խաչատրյանի գիտությամբ, Որոտանի Կասկադի տնօրեն` իր հորեղբորորդի Սասուն Խաչատրյանը սկզբում սեփականաշնորհել է Կասկադի աշխատակիցներ Ա. Ղարագյոզյանի և Ս. Ալեքսանյանի անուններով, այնուհետև կարճ ժամանակ անց վերաձևակերպվել է իր տղա Կարեն Խաչատրյանի անունով, ընդամենը մեկ միլիոն 700 հազար դրամով (իրական արժեքից տասնապատիկ անգամներ ցածր գնով):
- Գորիսի քաղաքապետարանը (քաղաքապետ Ն. Ոսկանյան) նույն Սասուն Խաչատրյանի տղա Կարեն Խաչատրյանին սեփականության իրավունքով 2013թ. ապրիլ ամսին ընդամենը 3 միլիոն 500 հազար դրամով վաճառել է քաղաքի կենտրոնում գտնվող երկհարկանի երաժշտական դպրոցի նախկին շենքը (շուրջ 700 քառ. մետր մակերես), որի իրական արժեքը նույնպես տասնապատիկ անգամներ բարձր է: Հետաքրքիր է այն փաստը,որ վերը նշված և հետագայում նշվելիք վաճառված, սեփականաշնորհված շինությունների, մյուս տարածքների (որոնք առնչվում են Լիսկայի և նրա բարեկամների հետ) անհավատալի ցածր գներով գնահատման փաստաթղթերը (ակտեր, տեղեկանքներ) տրվել է գրանցված «Կար Գետափ» ՍՊԸ-ի կողմից:
- Գորիսի քաղաքապետարանը (քաղաքապետ Ն. Ոսկանյան) 2007թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին քաղաքի Սյունիքի 12Ա հասցեի կիսակառույց շենքի 448 քառ. մետր մակերեսով տարածքը հողատարածքի անվան տակ կեղծ աճուրդով վաճառք է ձևակերպել Սուրիկ Խաչատրյանի կնոջ քույր Լարիսա Բարխուդարյանի և Սասուն Խաչատրյանի անուններով, ընդամենը 2 միլիոն 500 հազար դրամով, այն կարճ ժամանակ անց 12 միլիոն դրամով վերավաճառվել է քաղ. Հ. Դավթյանին:
- Գորիսի քաղաքապետարանը, Սյունիքի մարզպետարանը և որոշ գյուղական համայնքներ վերը նշված փաստերի մեխանիզմով (անօրինական աճուրդներ, ցածր գնահատումներ, վերավաճառքներ և այլն) Սասուն Խաչատրյանի, Լորետա Բարսեղյանի (Սուրիկ Խաչատրյանի կինը) և Սուրիկ Խաչատրյանի մյուս հարազատների, վարորդների ու թիկնապահների անուններով սեփականացրել են`
- Գորիս քաղաքի Արցախյան խճուղի թիվ 15 հասցեի 2500 քառ. մետր մակերեսով լողավազանի տարածքը,
- Գորիս քաղաքի Կոմիտաս-7 հասցեի 1098 քառ. մետր մակերեսով կիսակառույց շինությունը,
- Գորիս քաղաքի Արցախյան խճուղի 45 հասցեի 300 քառ. մետր սպասարկման տարածքը,
- Իշխանասարի վրա գտնվող՝ Հայաստանի չքնաղ «Սև լիճը»,
- Գորիսի տարածաշրջանի Հալիձոր, Շինուհայր, Տանձատափ, Տաթև գյուղական համայնքներին պատկանող տասնյակ հազարավոր քառ. մետր՝ համայնքների համար կարևոր նշանակության հողատարածքներ, որոնց մեծ մասը բարձրացված գներով անմիջապես վերավաճառվել է Տաթևի ճոպանուղու կազմակերպությանը և փոքր ՀԷԿ-եր կառուցող անհատների:
Որոտանի ՀԷԿ-երի համակարգում (տնօրեն՝ Սասուն Խաչատրյան) տարիներ շարունակ ձևակերպվել և առանց աշխատելու՝ աշխատավարձ են ստացել Սուրիկ Խաչատրյանի կնոջ եղբայր Վարդան Բարսեղյանը, եղբոր որդիները և այլ բարեկամներ (այս կապակցությամբ մամուլում և լրատվական ծառայություններով եղել են բազմաթիվ հրապարակումներ):
- Սուրիկ Խաչատրյանը միջնակարգ կրթության՝ կեղծված ատեստատներ է ձեռք բերել իր որդիներ Տիգրան Խաչատրյանի (Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից), Տրդատ Խաչատրյանի (Վերիշենի միջնակարգ դպրոցից), եղբորորդի Էրիկ Խաչատրյանի (Վերիշենի միջնակարգ դպրոցից) համար: Նա բարձրագույն կրթության կեղծ դիպլոմ է ձեռք բերել նաև կնոջ` Լորետա Բարսեղյանի (որը միջնակարգ կրթության ատեստատ չի ունեցել) համար՝ Գորիսի «Սյունիք» ինստիտուտից,:
Գորիսի քաղաքապետարանը Սուրիկ Խաչատրյանի կարգադրությամբ՝ Գորիս քաղաքի բնակիչ չհանդիսացող, Երևան քաղաքի բնակիչ Մարտին Զիլֆուղայանին (ներկայումս Սուրիկ Խաչատրյանի շահերն է պաշտպանում դատարաններում) Գորիս քաղաքի ամենակենտրոնական մասում սեփականության իրավունքով հատկացրել է 120 քառ. մետր ընդհանուր տարածքով՝ դատախազության և դատարանի նախկին շենքը, մի քանի սենյակներով հանդերձ (28.01.2005թ.):







































