Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը լարված է՝ կարծում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Այս մասին են վկայում Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների և ռազմական կառույցների հաղորդագրությունները՝ Trend գործակալությանը հայտնել է Կասպրշիկը:
Նրա խոսքով՝ այդ տեղեկություններում հաղորդվում է բազմաթիվ փոխհրաձգությունների, ավելի լուրջ խախտումների մասին, որոնք հանգեցնում են կորուստների, որոնցից յուրաքանչյուրը ողբերգություն է այդ զոհերի ընտանիքների համար:
Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ համապատասխան կառույցների աջակցությամբ սահմանի երկայնքով և զորքերի շփման գծում անցկացվում են մոնիթորինգներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբին՝ նշել է նա:
Ղարաբաղյան հակամարտության լուծումը երկրորդ պլան չի մղվում այլ երկրներում իրադարձությունների ֆոնին՝ ասել է Կասպրշիկը՝ պատասխանելով Ուկրաինայի իրադարձություններից հետո հակամարտության կարգավորման նկատմամբ ուշադրության բարձրացման անհրաժեշտությանը վերաբերող հարցին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն ջանում են հակամարտող կողմերին ներկայացնել կարգավորման գործընթացի առաջխաղացման նոր գաղափարներ: Անցած ամիս միջնորդներն անցկացրել են երկու հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, հանդիպումներից մեկը նախագահների հետ էր՝ արտգործնախարարների մասնակցությամբ»,- ասել է Կասպրշիկը:
Նրա խոսքով՝ բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության կարգավորման խթանմանն ու լարվածության նվազեցմանը:
Ինչպես նշել է Կասպրշիկը, համաձայն գործող նախագահի մանդատի՝ ինքը կանոնավոր կերպով այցեր է կատարում տարածաշրջան: «Ես և իմ թիմը պարբերաբար այցեր ենք կատարում հակամարտությունից տուժած տարածքներ՝ ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին նոր տեղեկություններով ապահովելու նպատակով»,- ասել է նա:








































