Վենետիկյան հանձնաժողովն ընդգծել է Ուկրաինայում տեղական և տարածաշրջանային կառավարման բարեփոխումների անցկացման կարևորությունը:
Վենետիկյան հանձնաժողովի պատվիրակության անդամներն Ուկրաինայում արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ հանդիպման ընթացքում հայտարարել են իշխանության ապակենտրոնացման անհրաժեշտության մասին՝ հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է Korrespondent.net-ը:
«Վենետիկյան հանձնաժողովի պատվիրակության անդամները սահմանադրական բարեփոխման համատեքստում նշել են Ուկրաինայում իշխանության ճյուղերի միջև լիազորությունների բաշխման ամրագրման անհրաժեշտությունը, դատական համակարգի անկախության ուժեղացումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Դեշչիցան իր հերթին նշել է սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծի նախապատրաստման աշխատանքում հանձնաժողովի մասնակցության կարևորությունը:
Կողմերը համաձայնել են, որ սահմանադրական բարեփոխումը ներկայիս քաղաքական ճգնաժամի հաղթահարման առանցքային հարցերից մեկն է:











































