Իսպանիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ Հոլոքոստի հերքման հետ կապված գաղափարների տարածումը չի կարելի հանցագործություն համարել: Այս մասին հաղորդում է Newsru.com կայքը: Դատական քննությունը տևել է մի քանի տարի: Դատավորները հաշվի չեն առել փաստաբանների այն փաստարկները, որոնք հիշեցնում էին դատարանին Հոլոքոստի ժամանակ սպանված 6 միլիոն հրեաների մասին:
Այս կապակցությամբ դատարանը նշել է, որ «ոչ մի մարդ կամ անձանց խումբ չի կարող նեղանալ այն բանից, որ ուրիշներն արտահայտում են իրենց կարծիքը»: Այսուհետ Իսպանիայում դատական հետապնդման չեն ենթարկվի այն անձինք, ովքեր կարծում են, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցածն ամենևին էլ Ցեղասպանություն չէր: «Բոլոր այս պնդումները տհաճ են, սակայն ժամանակակից սահմանադրական պետությունում դրա համար չի կարելի բանտ նստեցնել»,- ասել է գլխավոր դատավոր Ադոլֆո Պրեգո դե Օլիվերո Տոլիվարը: