«Գևորգ Կոստանյանը սուտասան տղա է, քանի որ նա մինչև նշանակվելն ասում էր, որ խնդրահարույց գործերը պատրաստ է քննել, սակայն մինչև օրս ինձ չի ընդունել: Ես դիմում եմ գրել, որ ուզում եմ հանդիպել Գևորգ Կոստանյանին, սակայն չի ընդունել: ՀՀ օրենքին Գևորգ Կոստանյանը չի տիրապետում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը, որը շուրջ չորս տարի պայքարում է սեփական որդուն տեսակցելու համար:
Դավիթ Ծաղիկյանը նշեց, որ Եսոյանները (երեխայի մոր կողմը) գործարքի մեջ են մտել ոստիկանության, ինչպես նաև դատախազության հետ, դեռ այն ժամանակ իրեն 40 հազար դոլար են առաջարկել երեխայից հրաժարվելու համար:
«ՀՀ նախագահից սկսած, դատախազով և մյուսներով վերջացրած… Ես պետք է ունենամ օրեր, որ երեխայիս մոտս պահեմ»,- ասաց նա:
Դավիթ Ծաղիկյանը շուրջ չորս տարի է՝ պայքարում է երեխային տեսակցելու համար, սակայն ապարդյուն:
Ծաղիկյանը պատմեց, որ իրենից առանց թուք, մազ կամ քրտինք վերցնելու՝ կեղծ եզրակացություն են տվել, թե երեխան իրենը չի:
Ծաղիկյանը նշեց, որ երեխայի պապիկը՝ Լև Եսոյանը, հայտարարել է իրենց շենքի բակում, որ երեխան իրենից է սերվել:
Նա պատմեց նաև այլ կամայականությունների մասին: Մասնավորապես, որ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եղել է իր կնոջ հարևանը և կնոջը, առանց դիպլոմի, նշանակել է թիվ 64 դպրոցի տնօրեն, մինչդեռ նա ոչ մի մանկավարժական ստաժ չունի:
Ներկայումս Դավիթ Ծաղիկյանի գործը Եվրոպական դատարանում է: «Քննիչը՝ Գոռ Միրզոյանը, լինելով Անդրանիկ Միրզոյանի որդին, թքած ուներ օրենքի վրա, հիմնվեց նրա վրա, որ փորձագետն ասել է, թե իրականացրել են փորձաքննություն»,- հուզված նշեց նա՝ հավելելով, որ գլխավոր դատախազը հիմա հանցագործությունը թաքցնող մարմին է:
Երեխան ութ տարեկան է և հիմա Պուշկինի անվան դպրոցում է սովորում, դպրոց է գնում տատիկի, պապիկի ուղեկցությամբ:
Դավիթ Ծաղիկյանը նաև պատմեց, որ չորս տարի ապրել են համատեղ կյանքով, հետո մի օրում կինը 180 աստիճանով շուռ է եկել:
«Ալիկ Սարգսյանը աջակցում էր նրանց, նա մեծ լումա ունի այս գործի մեջ. երեխայիս պապիկը նախկինում ոստիկանության գնդապետ է եղել: Ներկայիս ոստիկանապետից խորին շնորհակալություն եմ հայտնում. ոստիկանների քաշքշոցի մեջ չէի ընկնում, իսկ Ալիկ Սարգսյանի ժամանակ տղայիս հետ որտեղ տեսնեին ինձ՝ տանում էին ոստիկանություն: Ոստիկանությունը այն ժամանակ ուղիղ գործարքի է գնացել»,- ասաց նա:









































