Երկուշաբթի օրը Նյու Յորքում հայտնի են դարձել լրագրության մեջ ամենահեղինակավոր պարգևի՝ Պուլիտցերյան մրցանակակիրները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Հասարակությանը ծառայելու համար» պարգևատրվել են միանգամից երկու թերթեր՝ The Washington Post-ը և բրիտանական The Guardian-ը: Հենց նրանք անցյալ տարի ամռանն առաջինը հրապարակեցին ԱՄՆ գաղտնի ծառայությունների մասին գաղտնազերծող նյութեր՝ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի հիման վրա:
«Օպերատիվ ռեպորտաժ» մրցանակը ստացել են The Boston Globe-ի թղթակիցները՝ բոստոնյան ահաբեկչությունը լուսաբանելու համար: The New York Times թերթը միանգամից երկու մրցանակ է ստացել՝ «Օպերատիվ լուսանկար» և «Ֆոտոռեպորտաժ» անվանակարգերում:











































