Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաների է գնում, մյուս կողմից հայտարարում է կոալիցիա չմտնելու ու սահմանադրական փոփոխությունների փաթեթին դեմ գնալու մասին, ԲՀԿ-ի գործարար հատվածում լուռ դժգոհություն է հասունանում:
ԲՀԿ քաղխորհրդի անդամների մեծ մասին հիասթափեցնում է իրենց հանդեպ կուսակցության քաղաքական բլոկի, նաև` Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը: Մասնավորապես, որ իրենք մամուլով կամ հեռուստացույցով են տեղեկանում, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտնելու որոշում է կայացրել, կամ որ ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխությունների շրջանառվող փաթեթին:
Այն, որ ԲՀԿ-ում մի քանի մարդ է մասնակցում որոշումների կայացմանը` գաղտնիք չէ: Մյուսներին, փաստորեն, մնում է հետևել մամուլին` իրենց կուսակցության որոշումներին տեղյակ լինելու համար: Հարցը ԲՀԿ ներսում կրկին ակտուալ է դարձել այն առումով, որ ԲՀԿ քաղաքական բլոկի որոշումների ազդեցությունը իրենց վրա ուղղակի կարող են զգալ ԲՀԿ գործարարները, որոնք էլ դուրս են մնացել որոշումներ կայացնելու գործընթացից:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` փաստը հիասթափեցրել է ԲՀԿ-ական շատ պատգամավորների, հատկապես գործարարներին: ԲՀԿ այդ հատվածը չի հասկանում, թե ինչու պետք է իր բիզնեսը վտանգի` մնալով անհայտ կողմնորոշում որդեգրած ու կոալիցիա մտնել չցանկացող ԲՀԿ-ում` այն պարագայում, երբ ԲՀԿ-ում իր հետ ոչ ոք հաշվի չի նստում որոշումներ կայացնելիս: «Եթե ամեն ինչ կորցնում ենք, մինչև վերջ գնում ենք, թող գոնե բարի լինեն, մեր հետ քննարկեն հարցերը»,- ասում են նրանք:
Ուշագրավ է նաև, որ օրինակ` Ծաղկաձորում շաբաթ օրը ԲՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված քառյակի տնտեսական համաժողովին ԲՀԿ գործարարները հիմնականում ներկա չէին, ԲՀԿ գործարար հատվածից ներկա էին միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկայնն ու Աբրահամ Մանուկյանը: Մեր ունեցած տեղեկություններով` ԲՀԿ-ական գործարար պատգամավորներին չէին էլ հրավիրել համաժողովին, այն դեպքում, երբ օրինակ` որոշ ՀԱԿ-ական գործարարներ մասնակցում էին:
Ի դեպ, Ծաղկաձորի «Մուլի ռեստ հաուզ» համալիրում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, ոչ իշխանական 4 ուժերի կազմակերպած համաժողովի ժամանակ հավաքված ընդդիմադիր ու ոչ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսեցին Հայաստանի տնտեսության բոլոր խնդիրների, կոռուպցիայի, արտագաղթի, կառավարության վատ աշխատանքի, ընդհուպ մինչև իշխանափոխության անհապաղ անհրաժեշտության մասին, սակայն որևէ բանախոս այդպես էլ չխոսեց օլիգարխների և օլիգարխիայի դեմ պայքարի մասին:
ԲՀԿ տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանը մեր հարցին` ի՞նչն է պատճառը, որ օլիգարխիայի դեմ պայքարի մասին որևէ խոսք չասվեց, պատասխանեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան դասական իմաստով. «Համակարգային փոփոխություններ որ ասում ենք, դա նշանակում է` ժողովրդավարական խաղի կանոնների պահպանում, և էդ առումով քառյակը մշակել է իր ծրագրային մոտեցումները: Մի մասը պնդում է, որ առանց քաղաքական բարեփոխման, տնտեսականը չի գործի: Ես էլ եմ համամիտ, որ քաղաքական բարեփոխումն ու իշխանության կառուցվածքի առողջացումը պետք է իրականացվի, հետո տնտեսականը կարողանա իր արդյունքներն ապահովի: Եվ այդ ամբողջի մեջ ամեն ինչ տեղավորվում է»:
Մեր հստակեցմանը, թե ԲՀԿ-ն կո՞ղմ է օլիգարխիայի դեմ պայքարին և ինչո՞ւ դա չի ներառվել ծրագրում, ԲՀԿ-ականը հակադարձեց. «Օլիգարխիայի սահմանումն ինչ է, էդպիսի իրավական հասկացություն կա՞` «օլիգարխիա», ո՞րն է օլիգարխիան»: ԲՀԿ տնտեսագետի համոզմամբ` Հայաստանում օլիգարխներ չկան դասական իմաստով: «Ես չեմ տեսնում, որ դասական իմաստով Հայաստանում նման բան կա»:
Վերադառնալով ԲՀԿ ներքին դժգոհությանը` նշենք, որ հայտնի չէ, թե ինչպես կդրսևորվի ԲՀԿ-ի ներքին դժգոհությունը: Հայտնի է միայն, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է, որ ԲՀԿ-ականները, որոնք կմտնեն կառավարություն, կհեռացվեն կուսակցությունից: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ որոշ ԲՀԿ-ականներ կարող են հետևել արդեն նախկին ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանի օրինակին և Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնելով` դուրս գան կուսակցությունից` պաշտոն ստանձնելով, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն ասաց, որ Քուշկյանի պարագան ուրիշ էր, նա Արցախ է մեկնել` իր ներուժն այնտեղ կիրառելու, իսկ Հայաստանում դա, փաստորեն, այլ կերպ կընկալվի:
Միքայել Մելքումյանն էլ հավաստիացրեց, որ որևէ ԲՀԿ-ականի, այդ թվում և` իրեն նախարարական որևէ պաշտոն ստանձնելու առաջարկ չի եղել: «ԲՀԿ-ն որոշում ունի կոալիցիա չմտնել»,- պնդեց Մելքումյանը:











































