Ապրիլի 11-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Ռումինիայի Պիտեշտ քաղաքում անցկացվող «Կակաչների սիմֆոնիա» 37-րդ ամենամյա փառատոնին:
Միջոցառմանը ՀՀ դեսպանությունը ներկայացրել է նաև Հայաստանի Գյումրի քաղաքը, որը 2012թ. հոկտեմբեր ամսին եղբայրացման հուշագիր է ստորագրել Պիտեշտի հետ: Այդ առիթով քաղաքագլուխ Տուդոր Պենդիուկին փոխանցվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես պատրաստակամություն է հայտնվում ակտիվացնելու Պիտեշտի հետ բազմաոլորտ համագործակցությունը և այդ նպատակով իրականացնել փոխայցելություններ: Պիտեշտի քաղաքապետի հետ մտքեր փոխանակվեցին այս ուղղությամբ հետագա քայլերի շուրջ:
Միջոցառմանը ներկա են եղել Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն, փոխվարչապետ Լիվիու Դրագնեան, եվրապառլամենտի պատգամավոր Վիորիկա Դանչիլան, պատգամավորներ, սենատորներ, Պիտեշտի հետ եղբայրական կապեր հաստատած եվրոպական երեք քաղաքների պատվիրակություններ:
Միջոցառումը մեկնարկել է Պիտեշտի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց, կազմակերպված ծաղիկների շքերթով:
«Կակաչների սիմֆոնիան» Ռումինիայում ծաղիկների ցուցադրության ամենահայտնի միջոցառումն է, որը սկիզբ է առել 1978թ.` տարեցտարի ավելացնելով մասնակիցների և ցուցադրվող արտադրանքի քանակը:








































