Հայ Ազգային կոնգրեսը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանում ստեղծված է բարդ քաղաքական իրավիճակ: Չորս խորհրդարանական ուժերի՝ Հայ Ազգային Կոնգրեսի, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության և Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջնագրի շնորհիվ՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր պարտադրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը նոր վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին: Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները հետևյալն են. Հայաստանի իշխանությունների մեղքերի և ձախողումների համար պատասխանատու է ամբողջ հանրապետական մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Մենք չպետք է սպասենք կառավարության ձևավորմանը և նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ: Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի, ի վիճակի չեն Հայաստանի զարգացման որևէ ծրագիր իրականացնել և կորցրել են Հայաստանում կառավարություն ձևավորելու որևէ իրավունք:
Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որևէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մենք մերժում ենք Հայաստանում կառավարություն ձևավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես:
Ուստի մեր կարծիքով ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը: Ինչ վերաբերում է ստեղծված վիճակում Քառյակի գործունեությանը, ապա Հայ Ազգային Կոնգրեսը վերահաստատում է իր պատրաստակամությունն ու վճռականությունը շարունակելու այդ ձևաչափով իշխանափոխությանն ուղղված միասնական ջանքերը և արդյունավետ համագործակցությունը»։










































