ՀՀՇ անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ հանրությունը միշտ էլ սպասում է առաջին նախագահի հարցազրույցներին և խոսքերին: Պատգամավորը Լևոն-Տեր Պետրոսյանի որոշ գնահատականների համաձայն է, որոշներն էլ չի ընդունում:
Նրա խոսքով՝ գուցե ինչ-որ տեղ վիրավորական է, բայց իրողություն է, որ Հայաստանում եվրաինտեգրման կողմնակիցները մարգինալ են, որովհետև աշխարհում ոչ մի տեղ լիբերալները մեծամասանություն չեն կազմում: Նա նշեց, որ ՀՀՇ-ն շարունակելու է պայքարել Հայաստանի եվարինտեգրման, ինքնիշխանության և անկախության պահպանման համար:
«Այդուհանդերձ կան գնահատականներ, որոնց երբևէ չեմ կարող համաձայնել. այն, որ Մաքսային միությունն անշրջելի է: Անշրջելի ոչնիչ չկա:
Այս պահին քննարկումներ են ընթանում Եվրասիական միության ստեղծման վերաբերյալ: Հիշեք՝ մեզ ասում էին, որ մենք անդամակցում ենք Մաքսային միությանը, որ դառնանք Եվրասիական միության համահիմնադիր, իսկ հիմա գործընթացը ցույց է տալիս, որ այդ ամենն արվում է առանց մեզ, մեզ նորից ստել են, մենք չկանք համահիմնադիրների մեջ»,- նկատեց պատգամավորը:
Արզումանյանը անհրաժեշտություն համարեց, որ Հայաստանը վերանայի «Գազպրոմի» հետ համաձայնագիրը, քանի որ հիմա Չինաստանը պատրաստ չէ վճարել այն գինը, որ Ռուսաստանն ուզում է գազի դիմաց, իսկ Ռուսաստանն այլընտրանք չունի: «Եվրոպական գնին հավասար եթե լինի, ու եթե Եվրոպան շարունակի նման սկզբունքային մոտեցում ունենալ և սանկցիաները ուժեղացնել, ակնհայտ է, որ բարձրանալու է գազի գինը: Երբ Ռուսաստանի ներքին գինը կդառնա համաեվրոպական գնին հավասար, կհասկանանք, որ կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվել»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է Իրանի հետ հարաբերությունները լավացնի այլընտրանքային գազ ներմուծելու համար. «Այդ մասին դեսպանն է ասել: Մեր կողմից նախարարին սուտ ասելու հետ կապված բազմիցս բռնացրել ենք, դրա համար հավատանք նրան, ում դեռ սուտ ասելու վրա չենք բռնացրել»:









































