Անձի ընտրության հետ կապված որևէ անակնկալ չկա, առաջին օրվանից հայտնի էր կարծես: Խնդիրը վարչապետի անձը չէ, համակարգի փոփոխություն է անհրաժեշտ, տնտեսական այս ճգնաժամից դուրս գալու ուղիներ են պետք: Տեսնենք, թե ինչ ծրագիր կներկայացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀՇ անդամ , ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանավելու հանգամանքին:
Նա ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, իր դիտարկմամբ, կապված չէ քառյակի հետ. «Ակնհայտ էր, որ ինչ-որ պահի պետք է վարչապետ զոհաբերվեր, որովհետև վերջին տարիների ընթացքում երկրում ոչ մի դրական փոփոխություն չի եղել, և պահը պետք է գար, որ նախագահը պետք է վարչապետին զոհաբերեր»,- ասաց Արզումանյանը:
Նրա խոսքով՝ կա բուրգ, որտեղ մի անձի որոշում է, ուրիշ ոչ մեկը դերակատարում չունի:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա խոսքերին, որ արգելվում է կաշառք վերցնել, ասաց. «Այլևս «նոր փուլ» ենք մտնում, երբ արգելված է կաշառակերությունը, կոռուպցիան մենաշնորհները: Պատկերացրեք՝ նախկինում չէր ասվել այդ մասին:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ կոալիցիայի մաս չի կազմելու, Արզումանյանն ասաց. «ԲՀԿ-ն իրեն այլընտրանք հռչակելու առաջին օրվանից իր քննադատության թիրախ էր ընտրել վարչապետին ու կառավարությանը: Ակնհայտ է նաև, որ Հովիկ Աբրահամյանը ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի համար, գտնվել է կողմերի համար ընդունելի թեկնածու՝ կոմպրոմիս: Ավելի շատ փչանալու աստիճանն է նժարին դրված. որքանով կվարկաբեկվի՝ մտնելով կոալիցիայի մեջ, թե համագործակցելով իշխող ռեժիմի հետ՝ այնումենայնիվ լինի այլընտրանք, ոչ իշխանական, կիսաիշխանական:
Լուսանկարը՝ Photolure-ի








































