Տնտեսությունում կիրառվող նորարարությունների առումով Հայաստանը նախորդ տարիների համեմատ բարելավել է իր դիրքերը՝ «Նորարարությունների համաշխարհային վարկանիշ-2011»-ում զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը (2010 թ-ին ՀՀ-ն զբաղեցնում էր 82-րդ տեղը, իսկ 2009-ին՝ 104-րդ): Ընդ որում, Հայաստանը շարունակում է առաջանցիկ լինել Վրաստանի և Ադրբեջանի համեմատ, որոնք վարկանիշում զբաղեցնում են համապատասխանաբար՝ 73-րդ և 88-րդ տեղը:
«Առաջին լրատվականի» խնդրանքով մեկնաբանելով այս վարկանիշը՝ փորձագետ Արմեն Աբրահամյանը նշեց, որ դա կապված է ՏՏ բաղադրիչների և գիտության հետ. «Մեզ մոտ կրթվածության մակարդակը բարձր է և ստեղծագործական աշխատանքն է բարձր: Հայաստան բերվող աութսորսինգի պատճառը աշխատուժի էժանությունը չէ, այլ այն, որ մեր մասնագետները ստեղծագործ են մոտենում և զուտ գործառույթը չեն իրականացնում: Առաջարկում են նոր մեթոդներ կիրառել, արդյունավետություն բարձրացնել, կամ նոր տեխնոլոգիա կիրառել»:
Ա. Աբրահամյանը համոզված է, որ այս վարկանշային ցուցակն արտացոլում է նորարարության իրական պատկերը: Նա շեշտեց, որ թեև նորարարական մոտեցումներով առաջ ենք մեր հարևաններից, սակայն նույնը չի կարելի ասել մրցունակության գործակցի վերաբերյալ:
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը մեզ հետ զրույցում նորարարությունների ընդհանուր վիճակը ՀՀ-ում կարճ բնորոշեց. «Մեր երկրում նորարարական գաղափարների առումով առաջընթաց առանձնապես չեմ տեսնում»:
Հիշեցնենք, որ այս տարվա վարկանիշում ներկայացված են 125 երկրներ: Ամենանորարար տնտեսությունների առաջին տասնյակում ընդգրկված են վեց երկրներ Եվրոպայից՝ Շվեյցարիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Դանիա, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա, 2 երկիր Ասիայից՝ Հոնկ-Կոնգ և Սինգապուր, և 2 երկիր Հյուսիսային Ամերիկայից՝ ԱՄՆ և Կանադա: Աշխարհի ամենահայտնի բիզնես-դպրոցներից մեկը՝ INSEAD-ը, «Նորարարությունների համաշխարհային վարկանիշը» կազմում է 2007 թ-ից ի վեր:







































