Երկու օր առաջ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ, երգահան Ֆորշը (Վահան Գևորգյան):
«Առաջին լրատվական»-ը այցելեց «Արմենիա» ԲԿ և զրուցեց կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանի հետ:
Վերջինս մեզ տեղեկացրեց, որ Ֆորշը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել երկու օր առաջ՝ գանգատվելով ստամոքսի շրջանում եղած ցավերից, այլ գանգատներ չի ներկայացրել: Ֆորշին անմիջապես ցույց է տրվել օգնություն, նրա վիճակը հաջորդ օրը կարգավորվել է: «Այժմ էլ Ֆորշի վիճակը կարգավորված է, ոչ մի գանգատ չի ներկայացնում, միայն ընդհանուր թուլություն, վիճակը լրիվ բավարար է»,- ասաց Սուրեն Մակարյանը:
Հետաքրքրվեցինք՝ ե՞րբ կտեղափոխեն հիվանդասենյակ: Բժիշկը նշեց, որ հիվանդասենյակ չեն տեղափոխի, երկուշաբթի օրը միանգամից տուն կգնա. «Վիճակը բավարար է, անհանգստանալու ոչ մի բան չկա: Ֆորշը գանգատվել է ստամոքսի շրջանում գաստրիտային ցավերից: Երգիչն անցել է բոլոր հետազոտությունները, նրա մոտ որևէ լուրջ բան չենք հայտնաբերել, ամեն ինչ նորմալ է»:
Մեր հարցին՝ ինչի՞ց կարող է առաջացած լինել, Սուրեն Մակարյանը պատասխանեց, որ կարող է առաջանալ կերակրանյութից, մրսելուց, ամեն ինչից: «Սուր գաստրիտ չի՞ եղել որևէ մեկի մոտ, որ ստամոքսի շրջանում ցավեր են եղել, ոտքերը տաք ջուր են դրել, անցել է: Անհանգստանալու ոչ մի բան չկա, և խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին, որ չդիմեն մեր բաժանմունք, քանի որ Ֆորշի կյանքին վտանգ չի սպառնում»,- հավաստիացրեց նա:









































