Օրինական ուժի մեջ է մտել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հոկտեմբերի 25-ի դատավճիռը, ըստ որի ամբաստանյալներ ՀՀ քաղաքացի Գ.Հայրապետյանը և ԻԻՀ քաղաքացի Բ.Բաղերին հանցավոր են ճանաչվել համապատասխանաբար լրտեսության ձևով պետական դավաճանություն և օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական կայքը:
Հիշեցնենք, որ դատարանն ապացուցված էր համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ Գ.Հայրապետյանը, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել և նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության և պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի տեսանյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:
Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ.Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ.Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Գ.Հայրապետյանը Բ.Բաղերիին հյուրընկալել է իր տանը և, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչևան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից:
Նախաքննության ընթացքում Գ.Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև հրազեն և ռազմամթերք: Դատարանը հիմնավորված համարելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ Գ.Հայրապետյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ Բ.Բաղերիին՝ 10 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից):
Ամբաստանյալ Գ.Հայրապետյանի պաշտպանը ներկայացրել էր վճռաբեկ բողոք, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է՝ հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ: Ըստ այդմ՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հոկտեմբերի 25-ի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:









































