ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչ 54-ամյա Ֆիլիպ Չիպեվան Michigan Powerball վիճակախաղով 80 միլիոն դոլար է շահել, հաղորդում է Fox News-ը:
Ամերիկացին խոստովանել է, որ պարբերաբար վիճակախաղի տոմսեր է գնել, երբ տեսել է, որ Powerball-ի խաղադրույքներն աճում են:
Սեպտեմբերի 21-ին Չիպեվան տեղեկացել է Jackpot-ի գումարի աճի մասին և կանգ է առել տեղի խանութի մոտ: Մթերքներ գնելու ժամանակ վերջին պահին նա հիշել է տոմսեր գնելու մասին: Ամերիկացին վիճակախաղի տոմսերը դրել է իր բեռնատարում և մոռացել դրանց մասին:
Ավելի ուշ նրան զանգահարել է հարսը և տեղեկացրել, որ մարզում հաղթող կա: Չիպեվան գտել է տոմսերը և կնոջ հետ ստուգել դրանք: Ամերիկացին խոստովանել է, որ արտասվել են. տոմսերից մեկը նրանց 80 միլիոն դոլար է բերել: Հարկերը վճարելուց հետո ամերիկացին 42 միլիոն դոլար կստանա:
Հաղթողը, որն ունի 7 երեխա և 21 թոռնիկ, ասել է, որ նախատեսում է իր և իր երեխաների համար տներ գնել, ինչպես նաև մոտոցիկլ և ավտոմեքենա: Ամերիկացին պնդում է, որ հարստությունը չի փոխի իրեն որպես մարդու:
Չիպեվան նույնիսկ չի հեռացել աշխատանքից, չնայած որ պետն ամեն օր նրան հարցնում է, թե ինչու է շարունակում աշխատանքի հաճախել:











































