Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նորընտիր նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող Ջեմիլ Չիչեքի հրավերով այսօր տեղի է ունեցել ԱԶԿ-ի ու խորհրդարանական աշխատանքները բոյկոտող քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) ներկայացուցիչների հանդիպումը։
Հանդիպումը տևել է մոտ 1.5 ժամ։ Հանդիպումից առաջ Չիչեքը 40 րոպեանոց հանդիպում է ունեցել ԽԺԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի և Սիիրթից (Սղերթ) ընտրված քուրդ պատգամավոր Գյուլթան Քըշանաքի հետ։ Այս հանդիպումից հետո նոր տեղի է ունեցել ԱԶԿ-ի ու ԽԺԿ-ի պատվիրակությունների հանդիպումը։
Հանդիպման ժամանակ ԱԶԿ-ն ներկայացրել են խորհրդարանական խմբակցության փոխնախագահներ Նուրեթթին Ջանիքլին և Ահմեթ Այդընը, ինչպես նաև Հալուք Իփեքը։ ԽԺԿ կողմից հանդիպմանը, բացի Դեմիրթաշից ու Քըշանաքից, մասնակցել են նաև Հասիփ Քափլանը և Փերվին Բուլդանը։ Հանդիպման ժամանակ կառավարությունը ներկայացրել է փոխվարչապետ, նախկին ՆԳ նախարար Բեշիր Աթալայը։
Հանդիպումը չի պսակվել հաջողությամբ, ինչի համար հայտարարվել է, որ կողմերը պետք է հանդիպեն ևս մեկ անգամ։ Այդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա այսօր կամ վաղը։
Հիշեցնենք, որ ԹԱՄԺ-ում քուրդ նորընտիր պատգամավորների երդման արարողության վերջնաժամկետը սպառվում է հուլիսի 15-ին։ Դժվար է կարծել, որ քրդերը կգնան իրենց խորհրդարանական լիազորություններից զրկվելու քայլին։
Սկզբնական շրջանում խորհրդարանական բոյկոտով հանդես եկած, ապա դրանից հրաժարված մյուս ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փորձը նույնպես վկայում է այդ մասին։









































