«Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականում երեկ տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Եվրասիական միությունը մինչև 2025 թվականը կունենա իր միասնական արժույթը, սակայն եթե Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի հանդեպ և շարունակի դրանք, ապա միասնական արժույթ կարող է ի հայտ գալ 3-5 տարում:
Թեև նշվում է, որ Եվրասիական միության միասնական արժույթի անվանումը կլինի Ալթին, այնուհանդերձ պարզ է, որ խոսքն ըստ էության «ռուբլու գոտու» մասին է, որում փաստորեն կարող է հայտնվել նաև Հայաստանը, քանի որ մեր երկիրն ըստ էության ձգտում է դառնալ Եվրասիական միության համահիմնադիր: Իհարկե, այս ձգտումները, ըստ էության, կասկածի տակ են, որովհետև կարծեք թե հայաստանյան ձգտումների ժամանակացույցը այնքան էլ չի պահպանվում, և կարծեք թե չկա ոչ մի կիսափաստաթուղթ անգամ, որը կվկայեր գործողությունների արդյունավետության մասին:
Ավելին` այս կապակցությամբ, ըստ էության, արդեն իսկ հետաքրքրական տրանսֆորմացիաների են ենթարկվում Եվրասիական միության գործընթացի համար պատասխանատու ռուսաստանյան չինովնիկների հայտարարությունները, որոնք Հայաստանի անդամակցության մասին խոսում են բավական անորոշ հույսեր արտահայտելով:
Սա անկասկած չի նշանակում, որ Հայաստանը կարող է մի անգամ էլ Եվրասիական միությունից հրաժարվել, ինչպես Եվրամիությունից հրաժարվեց: Ընդամենը Հայաստանին չեն ուզում տեսնել երևի թե հիմնադիրների շարքում: Այնպես որ, «ռուբլու գոտին» Հայաստանի համար միանգամայն հավանական հեռանկար է: Թվում է, որ այս հեռանկարը շատ հեռու է, բայց ամենակարևորն այն է, որ նման հարց, փաստորեն, արդեն սկսում է շրջանառվել, այսինքն` այս մասին ռուսական մամուլում արդեն սկսում են գրել, ինչը նշանակում է, որ հասարակություններին ուղղակի, այսպես ասած, վարժեցնում են միասնական արժույթի գաղափարին:
Ըստ էության սա կարող էր այնքան էլ վատ բան չլինել, սակայն հաշվի առնելով այն, որ Հայաստանը այս գոտում անկասկած լինելու է ամենաթույլ օղակը, միասնական արժույթի պայմաններում հնարավոր բացասական էֆեկտները ամենից շատ իր վրա զգալու է Հայաստանը: Սրանից էլ զատ, միասնական արժույթը կարող է շահավետ լինել ամուր տնտեսության պայմաններում, մինչդեռ Եվրասիական երկրների տնտեսությունները և նրանց միավորումը, մեղմ ասած, դժվար է ամուր անվանել, հետևաբար` Հայաստանին այս ամենից տնտեսական գրեթե ոչինչ չի շողշողալու, փոխարենը` ըստ էության սա լինելու է արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հարցում Հայաստանի Հանրապետության առաջ կառուցվող ևս մի բարդություն, այսինքն` նոր երկաթե վարագույրի ևս մի շերտ:
Եվ այսպես` շերտ առ շերտ Հայաստանի ու աշխարհի միջև փակվելու է երկաթե վարագույրը, վերադարձնելով Հայաստանը խորհրդային իրականություն: Ասել կուզի` մինչ այդ երևույթի տնտեսական խնդիրները քննարկելը, նախ ակնառու են այս ամենի քաղաքական նպատակները, որոնք արդեն իսկ ակներևաբար չեն բխում Հայաստանի պետական և ազգային շահերից: Սակայն Հայաստանի իշխանությունները այս շահերից հրաժարվել են ամուր կերպով, կամ Հայաստանում ըստ էության կոնսենսուս է ձևավորվել իշխանությունների և այսպես ասած` ընդդիմադիր հիմնական ուժերի միջև պետական ու ազգային շահերը Ռուսաստանին հանձնելու հարցում:
Եվ սա նշանակում է, որ ինչպես անշրջելի է հռչակվել Մաքսային միությունը, նույնպես անշրջելի հռչակվելու է միասնական ռուբլին: Հետո կհռչակվի միասնական Սահմանադրությունը, իսկ վերջում հերթը կգա միասնական պետությանը:








































