Առցանց մանրածախ վաճառքի աշխարհում խոշորագույն ցանց Amazon-ը ծրագրում է այս տարվա երկրորդ կեսին շուկա թողարկել եռաչափ էկրանով սեփական սմարթֆոն: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:
Պարբերականը նշում է, որ մի քանի շաբաթ առաջ Amazon-ը Սան Ֆրանցիսկոյում և Սիեթլում սարքը ներկայացրել է հավելված մշակողներին: Թերթի տեղեկություններով՝ սմարթֆոնի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա հունիսին, իսկ շուկա այն կմտնի սեպտեմբերի վերջին՝ ԱՄՆ-ում սուրբծննդյան վաճառքի սեզոնի մեկնարկի նախաշեմին:
Պարբերականը՝ հղում անելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրներին, հայտնում է, որ առջևի տեսախցիկը կունենա աչքերի դիրքին հետևելու գործառույթ, ինչի շնորհիվ պատկերը սմարթֆոնի վրա կլինի հոլոգրամի նման:
Վերջին տարիներին Amazon-ը ջանքեր է ձեռնարկում բջջային սարքերի շուկա դուրս գալու համար: Համացանցով ապրանքների վաճառք իրականացնելուց բացի՝ Amazon-ը թողարկում է Kindle սարքերը՝ էլեկտրոնային գրքերի ընթերցման համար, և Kindle Fire պլանշետները:










































