«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը կարծում է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի դիմումը կմնա անհետևանք։
«Նաիրին հաշվի է առնում, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, նախկին ռեժիմը չկա, Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է։ Նա փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը, որպեսզի հասնի ինչ-որ բանի։ Բայց միևնույն է, եթե ինքը բացահայտի, որ ընդամենը կատարող է եղել, և իրենից ոչինչ կախված չէ, հասարակությունն իրեն չի ընդունի։ Բացառված է, որ Նաիրին ցանկացած պարագայում հայտնվի ազատության մեջ։ Մեր հասարակությունը Հոկտեմբերի 27-ը համարում է նուրբ գործընթաց, թեև հասկանում է, որ կա պատվիրատու։ Հիմա ինքը պետք է ներկայացնի պատվիրատուին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պետրոս Մակեյանը։
Նա հիշում է, որ ժամանակին՝ 2000-2001 թվականներին, ինքն ու իր համախոհներն ահազանգել են, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հնարավոր է կապված լինի Մեղրիի գործարքի հետ։
«Եթե հիշում եք, մենք այն ժամանակ Մեղրիում հանրահավաքներ էինք անում։ Այն ժամանակ մեզ հրավիրեցին Հատուկ քննչական ծառայություն, որտեղ օպերատիվ խումբ էր գործում, մեզ հարցաքննեցին, թե ինչով ենք հիմնավորում, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կապ ունի Մեղրիի գործարքի հետ։ Նաիրի Հունանյանը կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար, իրեն արդարացնելու գործընթաց սկսել, բայց միևնույն է, դա իրավական հետևանք չի ունենա։ Որևէ կառույց պատասխանատվություն չի վերցնի և թույլ տա, որ գլխավոր ահաբեկիչը հայտնվի ազատության մեջ։ Ասեմ նաև, որ կա աշխարհաքաղաքական վեկտորների ազդեցությունը, և դա երևում է անզեն աչքով։ Սակայն ինչ ազդեցություն էլ լինի, միևնույն է, մեր հասարակությունը պատրաստ չէ ներել Նաիրի Հունանյանին»,- արձագանքեց Պետրոս Մակեյանը։












































