Google ընկերությունը մտադիր է գործարկել ծառայություն, որը կանոնավոր կերպով կստուգի սմարթֆոնների և պլանշետների վրա տեղադրված հավելվածները՝ հայտնում է The Verge պորտալը: Ներկայում ծրագրերը սքանավորվում են միայն տեղադրման պահին:
Չնայած այն բանին, որ Google Verify Apps-ը համարվում է հուսալի պաշտպանություն, Android-ը դարձել է ամենախոցելին վնասակար ծրագրերի համար: Վիրուսների ավելի քան 97 տոկոսը բաժին է ընկնում այդ ՕՀ-ին:
Google-ը հայտարարում է, որ միայն վնասակար ծրագրերի 1 տոկոսից քիչն ունեն Verify Apps-ի պաշտպանությունը շրջանցելու շանս: Սակայն ընկերությունում կարծում են, որ դա բավարար չէ: Google-ը ցանկանում է այդ թիվը հասցնել զրոյի և Android-ը դարձնել ավելի անվտանգ համակարգ:
Մշակողների մտահղացմամբ՝ նոր ծառայության հակավիրուսային բազան մշտապես կհամալրվի, այդ իսկ պատճառով այն կհայտնաբերի նույնիսկ այն վիրուսները, որոնք առաջնային ստուգման ժամանակ չի ճանաչել:









































