Կալիֆոռնիայի բնակիչ 32-ամյա Հրաչյա Աթոյանն իրեն մեղավոր է ճանաչել ժողովրդական պարերի կատարողների անվան տակ Հայաստանի քաղաքացիներին Միացյալ Նահանգներ տեղափոխելու մանրակրկիտ մշակված սխեմային մասնակից լինելու համար:
«Խումբը, որի կազմում էր նաև Աթոյանը, ԱՄՆ միգրացիոն մարմիններին տեղեկացնում էր ելույթների համար պարողների ժամանելու մասին և դիմում նրանց «Մշակույթի եզակի արտիստի» (Culturally Unique Artist) վիզա տրամադրելու համար», հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:
Նշվում է, որ Աթոյանը և հանցակիցները Հայաստանի քաղաքացիներից 3-10 հազար դոլար են վերցրել՝ կեղծ պարային խմբի կազմում Միացյալ Նահանգներ ուղարկելու համար:
Քրեական գործի շրջանակում իրենց մեղավոր են ճանաչել նաև Դիանա Գրիգորյանը և Ստելլա Բոյաջյանը, որն, ըստ առաջադրված մեղադրանքի, ստեղծել է Big Apple Music Awards Foundation հիմնադրամը:
Դրա միջոցով խմբի անդամները կեղծ «պարի վկայականներ» են ստեղծել, համերգների և շրջագայությունների պաստառներ, կեղծ ֆոտոսեսիաներ են կազմակերպել «պարողների» հետ՝ խարդախ սխեման քողարկելու համար: