Dropbox «ամպային» ծառայությունն անցկացրել է մասշտաբային միջոցառում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, որի ժամանակ հայտնել է Microsoft Office-ի հետ ինտեգրման, ծառայության բիզնես-տարբերակի թողարկման մասին, հաշվետվություն ներկայացրել լսարանի աճի, Mailbox-ի թարմացման և տնօրենների խորհրդում ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ներառման մասին՝ հայտնում է TechCrunch տեխնոբլոգը:
Հաղորդվել է, որ ծառայության օգտատերերի թիվը հասել է 275 միլիոնի, կես տարում աճը կազմել է 75 մլն:
Ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ Mailbox-ը շուտով կթողարկվի Android-ի և OS X-ի համար նախատեսված տարբերակներով: Հավելվածում կներառվի նաև արտասովոր գործառույթ, որը կպարզի, թե նամակներից որոնք են անպետք, և կարխիվացնի կամ կջնջի դրանք:
Ներկայացվել է նաև Dropbox-ի Carousel հավելվածը, որը թույլ կտա արագ դասավորել նկարներն ըստ տարբեր պարամետրերի, օրինակ՝ ամսաթվի, տեղի և այլն:








































