Ռուսաստանը ցանկանում է ազդեցություն ունենալ Ուկրաինայի վրա, այլ ոչ թե գրավել այն՝ գրում է The News York Times-ը: Թերթը հստակեցնում է, որ նման կարծիք են հայտնել քաղաքագետները, Կրեմլի դաշնակիցներն ու այս շաբաթ հարցման ենթարկված դիվանագետները:
Ուկրաինայի արևելքում սրված իրավիճակը մտավախություններ է առաջացրել, թե Մոսկվան կարող է Ղրիմից հետո ուկրաինական նոր տարածքներ միացնել Ռուսաստանին, սակայն Կրեմլի իրական նպատակներն այլ են՝ ասվում է հոդվածում:
Փորձագետների խոսքով՝ Ռուսաստանը գործում է ավելի երկարաժամկետ ռազմավարության շրջանակում՝ փորձելով Ուկրաինան պահել իր տնտեսական և ռազմական ազդեցության ներքո:
Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Կիևը կանգնել է ոչ միայն Արևելքի ու Արևմուտքի միջև ընտրության առջև. իրականությունն այնպիսին է, որ Ուկրաինան պետք է հավասարակշռվի՝ տալով Կրեմլին բավականին ազդեցություն և պահպանելով սեփական անկախությունը, ասվում է հոդվածում:
Հրապարակման մեջ նշվում է, որ փորձագետների մեծ մասը կասկածում է, թե ներկայիս ճգնաժամը կհանգեցնի զինված հակամարտության:









































