Ինչու են բողոքում Երևանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ շուտով նրանց ճակատագիրը կորոշի: «Մենք ունենք նպատակ մինչև 2030թ. մեր երկրում վերացնել տուբերկուլյոզ հիվանդությունը, և առաջ է գալիս ռեսուրսների ճիշտ օգտագործման հարց: Հակատուբերկուլյոզային դիսպանսեր ունենք Վանաձորում, Գորիսում, Կապանում, Գյումրիում, Երևանում և մեկ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր Աբովյանում: Եվ քանի որ մյուս դիսպանսերներում ոչ ոք չի հոսպիտալացվում, որոշվեց կենտրոնացվել մեկ կենտրոնում՝ Աբովյանի Հակատուբերկուլյոզային դիսպանսերում և անունը փոխել՝ դարձնելով Թոքաբանության ազգային կենտրոն: Բուժզննման աշխատանքները կիրականացվեն պոլիկլինիկաներում»:
Նախարարն անդրադարձավ նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ազատմանը՝ նշելով, որ երկու պատճառ է եղել. «Նախկին տնօրենն ազատվել է մի միջադեպի պատճառով և այն նպատակով, որ այդ կենտրոնի զարգացման ուղղությունը փոխվի: Այդ որոշումը ճիշտ էր, վստահ եմ այդ կենտրոնից ավելի շատ գոհունակություններ կլինեն, քանի որ արդեն զարգացման ուղղությունը փոխվել է»: Ա. Թորոսյանը դատապարտեց նաև այս կենտրոնում նորանշանակ տնօրենի և աշխատակիցներից մեկի կոնֆլիկտը և բախումը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել իրեն, նախարարը նշեց. «Արհեստական պատմություն է այդ հայցի հիմքում ընկած. «Իմ արտահայտությունները դիտվում են որպես զրպարտություն: Բայց գլոբալ առումով, ես կարծում եմ, որ մեր մայր բուհը արժանի է ավելի լավ ղեկավար ունենալու, որը անձի պաշտամունքը իր համար չի դարձնի ուղենիշ: Այնպիսի վառ ուղեղներ, ամբիոնի վարիչներ և իսկական պրոֆեսորներ կան, որոնք կկարողանան այդ բուհը շատ լավ ղեկավարել: Ես իմ պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ անելու եմ, որ ԵՊԲՀ ավելի արժանի ղեկավարություն ունենա: Ուզում եմ, որ իմ բուհը լինի իսկապես լավը, բժշկական կրթությամբ լավ կադրեր տա և չդառնա տարբեր «թատերական ներկայացումների» մասնակից, ինչպես որ հիմա է հաճախ տեղի ունենում:
Մանրամասն՝ տեսանյութում:









































