Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հարյուրավոր հրեաներ փրկվել են՝ ցատկելով նացիստական գնացքներից: Ինչպես գրում է The Independent-ը՝ այդ մասին ասվում է Գերմանիայում հրապարակված նոր հետազոտությունում: Աշխատանքում ներկայացված են ավելի քան 760 հրեաների մասին նախկինում անհայտ պատմություններ, որոնց հաջողվել է փախչել գնացքներից, որոնք Ֆրանսիայից, Նիդերլանդներից և Բելգիայից ուղևորվել են համակենտրոնացման ճամբարներ:
Հետազոտության հեղինակը պատմաբան Տանյա ֆոն Ֆրանսեկին է: Նա 4 տարի աշխատել է «Արտաքսման գնացքներից հրեաների փախուստները» նախագծի վրա՝ հանդիպելով ականատեսների և ուսումնասիրելով Իսրայելի և Եվրոպայի արխիվները:
Պատմաբանի խոսքով՝ հաճախ փախչողները բախվել են վախեցած ընկերակիցների քննադատությանը: Ֆոն Ֆրանսեկին նշել է, որ նրանք, ովքեր որոշել էին փախուստի դիմել, բարոյական ծանր ապրումներ են ունեցել, հատկապես, եթե նրանք ինչ-որ մեկին թողել են գնացքում: Փորձագետը նշում է, որ ողջ մնացածներն այդ պատճառով են նաև պատերազմից հետո լռություն պահպանել: