Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հարձակվող Դիեգո Կոստայի` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Բարսելոնա»-ի դեմ պատասխան խաղին հնարավոր մասնակցության մասին:
«Տեսնենք, թե Կոստան ինչպիսի մարզավիճակում կլինի: Եթե նա չկարողանա դուրս գալ խաղադաշտ, ապա նրան կփոխարինի Ադրիանը, հետևաբար` բոլոր դեպքերում էլ հիանալի հանդիպում է ստացվելու:
Այո, ես ասել ու շարունակում եմ պնդել, որ Կոստան իր կարևորությամբ «Ատլետիկո»-ի Մեսսին կամ Ռոնալդուն է:
Մենք շատ ջանք ենք գործադրել, որպեսզի հասնենք մրցաշարի այս փուլ, բայց կազմում կիրառված ռոտացիան թույլ է տալիս ֆուտբոլիստներին թարմ մարզավիճակում մնալ: Բոլոր խաղացողները մոտիվացված են և կենտրոնացած հաղթանակի վրա, նույնիսկ նրանք, ովքեր խաղային քիչ ժամանակ են ստանում»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:







































