Խորվաթական Սպլիտ քաղաքի ղեկավար Ժելկո Քերումը պատրաստվում է իր քաղաքում տեղադրել Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը ընտրություններից առաջ, որի ժամանակ նա պատրաստվում է ընտրվել երկրի խորհրդարան: Այս մասին գրում է The Telegraph-ը:
«Դա կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը, կդառնա նոր խորհրդանիշ: Մենք ապրում ենք կաթոլիկ քաղաքում, կաթոլիկ երկրում»,- ասել է քաղաքապետը, շեշտելով, որ այս նախագծի համար քաղաքի բյուջեից ոչ մի լումա չի տրամադրվելու: Դրա ֆինանսավորմամբ կզբաղվեն գործարարները: Տեղի փորձագետները կարծում են, որ Քրիստոսի արձանը կանգնեցնելը պոպուլիստական քայլ է, որով Խորվաթիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Քերումը, ցանկանում է իր տեղն ապահովել խորհրդարանում:
Անմիջապես արձագանքել է Facebook սոցիալական ցանցը, որտեղ ստեղծվել է «Քերում, հանուն Քրիստոսի՝ Քրիստոս մի կառուցիր» խումբը, որում արդեն գրանցվել է 4000 օգտատեր:
Տեղեկացնենք, որ Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը, որն ունի 36 մետր բարձրություն, այս պահին տեղադրված է Լեհաստանի Սվեբոձին քաղաքում: Իսկ ամենահայտնի արձանը, թերևս, Ռիո Դե Ժանեյրոյում է և ունի 30 մետր բարձրություն: