Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին երկու օրվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է «Ալ-Քաիդա»-ի 15 ենթադրյալ զինյալ, ինչպես նաև ահաբեկչություն է կանխվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը։
Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշված է, որ Անկարայի արվարձանում ձերբակալված տղամարդը պետք է ահաբեկչություն իրականացներ։ Նրա մոտից առգրավվել է զենք ու զինամթերք, «Ալ-Քաիդա»-ին պատկանող փաստաթղթեր։
Եվս 14 մարդ է ձերբակալվել Անկարայում, ինչպես նաև Բուրսայում ու Յալովայում։
«Ալ-Քաիդա»-ի թուրքական մասնաճյուղը մեղադրվում է ստամբուլյան երկու սինագոգերի, Մեծ Բրիտանիայի հյուպատոսության ու բանկի վրա գործած հարձակումների մեջ, որոնց արդյունքում տուժել է ավելի քան 60 մարդ։
Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո Թուրքիայում չէին բացառում, որ «Ալ-Քաիդա»-ն կարող է ակտիվություն ցուցաբերել իրենց մոտ։







































