Չինացի հարուստները շատ սովորույթներ են փոխ առել Արևմուտքի միլիարդատերերից՝ նրանք գնում են արվեստի գործեր, Gulfstream բիզնես-դասի ինքնաթիռներ, բուրգունդյան գինիներ և Hermes պայուսակներ: Բիլ Գեյթսը, սակայն, հայտարարում է, որ նրանք չեն ընդունել կարևորագույն ավանդույթներից մեկը՝ բարեգործությունը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Hurun Report-ի տվյալներով՝ անցած տարի 100 ամենաշռայլ չինացի բարեգործները նվիրաբերել են ընդամենը 890 մլն դոլար, մինչդեռ 50 առաջադեմ ամերիկացի բարերարները՝ 7.7 մլրդ դոլար:
Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը նվիրաբերել են մոտ 1 մլրդ դոլար, ինչն ավելի է, քան չինացի 100 գլխավոր բարերարների նվիրատվությունները միասին վերցրած:
Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ Գեյթսը հրապարակավ չինացի միլիարդատերերին կոչ է անում հետևել ամերիկացիների օրինակին:
Microsoft-ի հիմնադրի խոսքով՝ Չինաստանում մեծ գումարները հիմնականում հատկացվում են տարերային աղետների հետևանքների վերացման համար, սակայն բարերարները չեն նվիրաբերում գումարներ համալսարաններին՝ հետազոտությունների անցկացման համար, ինչպես նաև առողջությանը սպառնացող գործոնների դեմ պայքարի, սահմանափակ հնարավորություններով մարդկանց աջակցման համար:
Գեյթսը կարծում է, որ Չինաստանի կառավարությունը կարող է մտածել բարեգործությունը խթանելու նպատակով հարկային բեռը թեթևացնելու մասին:











































