Ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ: Աշխատանքային խորհրդակցության շրջանակում պատասխանատուները զեկուցել են, որ նախապատրաստական բոլոր աշխատանքները հիմնականում ավարտված են և կազմված է միջոցառումների հատուկ ծրագիրը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ընդհանուր օգտագործման տարածքներում համապատասխան աշխատանքների իրականացմանը՝ ապահովելով նաև հանրային լայն իրազեկում:
«Կարծես ավանդույթ է դարձել, որ պետական և համայնքային կառույցները շաբաթօրյակներին միայն իրենց հիմնարկների տարածքներում են համապատասխան աշխատանքներ կազմակերպում, ինչը չի կարող ընդունելի լինել, քանի որ նմանատիպ աշխատանքներ նրանք պարտավոր են և իրականացնում են մշտապես: Եվ այդ տեսանկյունից համաքաղաքային շաբաօթյակին և ծառատունկին նման կերպ մասնակցությունը, ըստ էության, ձևական բնույթ է կրում:
Ըստ այդմ հորդորում եմ բոլորիդ, որ ձեր համակարգման ներքո գործող բոլոր կառույցների աշխատակազմերին հանձնարարեք ապրիլի 12-ին կազմակերպվող շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել նաև հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում: Հանձնարարականը վերաբերում է նաև համատիրություններին, որոնիցի ևս ակնկալում ենք ակտիվ մասնակցություն»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:












































