Հայկական մամուլում գնալով ահագնանում են հնարավոր վարչապետացուների մասին լուրերը: Ընդ որում՝ ամենաշատը տարածում է գտել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, որը նաև ռուսական մամուլում է հայտնվել: Ըստ նույն լուրերի՝ ԱԺ-ում նրան փոխարինելու է Գագիկ Ծառուկյանի երեխաների քավոր Կարեն Կարապետյանը՝ «Տաշիր գրուպի» սեփականատերը, ով գրեթե չի մասնակցում ԱԺ քննարկումներին:
Կան որոշ հանգամանքներ, սակայն, որոնց համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը չի կարող նշանակվել վարչապետ, բացի այն, որ Հովիկ Աբրահամյանն ընկալվում է որպես օլիգարխիայի ներկայացուցիչ եւ պետական պաշտոնյա, ով միլիոնավոր դոլարների կարողության է հասել Հայաստանում: Օրինակ՝ վերջերս խորհրդարանում Հատուկ քննչական մարմին ստեղծելու նախաձեռնության քննարկման ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե՝ «Բոլորս գիտենք՝ գործակալի ստատուսն ովքեր են սիրում, բոլորս տեղյակ ենք՝ ով ում գործակալն է», պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրան հիշեցրեց 2011-ի նոյեմբերին՝ ընտրություններից 6 ամիս առաջ, ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի անսպասելի հրաժարականը:
Իսկ ի՞նչ էր եղել այդ ժամանակ. մամուլում գրվեց, որ ԱԺ ընտրություններից 6 ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնել էր Ռոբերտ Քոչարյանին 2012թ. ընտրությունների արդյունքում վարչապետի կարգավիճակով հետ բերելու գործընթաց և հատկապես ներկա իրավիճակից և իրենց հանդեպ Սերժ Սարգսյանի վերաբերմունքից դժգոհ պաշտոնյաների հետ քննարկում էր Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը ու շոշափում տրամադրությունները:
Այս ամենն, իհարկե, ոչ թե գործողությունների, այլ միայն խոսակցությունների մակարդակով էր, սակայն աչալուրջ, այն ժամանակ դեռ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը խոսակցությունների գաղտնալսումները ներկայացրել էր Սերժ Սարգսյանին: Արդյունքում՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, և նրա փոխարեն նշանակվեց Վլադիմիր Գասպարյանը, իսկ Ալիկ Սարգսյանի մասին մամուլում գրվեց, որ իշխանական որոշակի շրջանակների հետ սեղանամերձ խոսակցությունների ժամանակ տոն է տվել Ռոբերտ Քոչարյանին վարչապետի կարգավիճակով հետ բերելու խոսակցություններին։
Ընդ որում՝ մամուլում այս կոնտեքստում էր մեկնաբանվում Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի կալանավորումը, որը կալանավորվեց, պատիժ կրեց և համաներվեց պետական գումարների փոշիացման՝ բենզինի վաճառքի, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
«Ես նույնիսկ Սովետական Միության ժամանակ ոչ մի դավադրության մեջ չեմ եղել: Ոչ մի դավադրության: Ես միշտ իշխանամետ եմ եղել: Միշտ մեր ժողովրդի կողքին եմ եղել: Էդ ժողովրդի զավակներից մեկն եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում հայտարարեց Մարգար Օհանյանը՝ տեղեկացնելով, որ այժմ գտնվում է Հայաստանից դուրս:
Մեր հարցին՝ այդ դեպքում, իր կարծիքով, ինչո՞ւ իր անունը կապվեց Հովիկ Աբրահամյանի, դավադրության ու Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ, Մարգարյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչի: Ում անունները որ տալիս եք՝ և նախորդ, և այսօրվա գործող բոլոր իշխանական ղեկավարների հետ աշխատել եմ, և չկա էդպիսի հասկացողություն, որ ես որևիցե մեկին շատ սիրում եմ կամ որևիցե մեկին նվիրված եմ, կամ էն մյուսից էլ պայթում եմ: Տենց բան չկա»:
Մեր դիտարկմանը՝ ստացվում է, որ իշխանության հետ աշխատելով՝ կատարել էր հանցանք, որի համար պատիժ կրեց, Օհանյանն ասաց. «Դա առանձին թեմա է, ես կվերադառնամ Հայաստան, կհանդիպենք, կխոսենք: Բոլոր հարցերին կպատասխանեմ»:
«Իմ՝ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելը զուտ քաղաքական խնդիր է եղել, ու ոչ մեկը ինձ չի պարտադրել դիմում գրել, դուրս գալ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, սակայն, որ նախագահական ընտրությունների ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական չտվեց՝ Սերժ Սարգսյանի շտաբը ղեկավարելու համար:
Ելնելով վերոնշյալից՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում անհավանական է:
Լուսանկարը՝ Photolure-ի









































