Կենտրոնական բանկում Սերժ Սարգսյանը խոսել է կառավարության հրաժարականի մասին, և նրա խոսքում բավական ուշագրավ ակնարկ է հնչել: Նա ասել է, որ նոր կառավարությունը պետք է վերականգնի բարեփոխումների հանդեպ հասարակության վստահությունը:
Ասել է թե` Տիգրան Սարգսյանի կառավարությունն այդ վստահությունը կորցրել է, անկում է արձանագրել, և նոր կառավարությունը պետք է վերականգնի: Սա, ըստ էության, բավական թափանցիկ դժգոհություն է Տիգրան Սարգսյանի և նրա կառավարության աշխատանքից: Սակայն այնքան էլ միանշանակ չէ, որ վարչապետի պաշտոնանկությունը բխել է հենց այդ դժգոհությունից: Չի բացառվում նույնիսկ, որ Սերժ Սարգսյանը փորձում է այդ միջոցով ուղղակի շեղել հանրային ուշադրությունը հնարավոր իրական պատճառներից: Սակայն այս ամենն արդեն երևի թե կարևոր չէ: Արդեն կարևոր է հենց այն կառավարության հարցը, որը, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է վերականգնի հասարակության վստահությունը բարեփոխումների հանդեպ:
Այդպիսի բան հնարավո՞ր է: Հնարավոր է, ինչպես կասեր արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ կլինի՞ այդպիսի բան: Ո՛չ, ինչպես կասեր Տիգրան Սարգսյանը: Հայաստանում բարեփոխումների հանդեպ վստահություն վերականգնող կառավարություն լինել չի կարող, քանի դեռ Հայաստանը գնում է Մաքսային միություն: Ընդ որում` գնում է ոչ միայն, այսպես ասած, ֆիզիկապես և նորմատիվներով, այլ նաև արժեքներով, աշխարհայացքով, աշխարհընկալումով, գնում է ամեն ինչով և ամեն կերպ: Այդ Հայաստանում չի կարող լինել բարեփոխումների հանդեպ վստահություն, որովհետև Սովետական Միությունում բարեփոխումներ չեն լինում:
Բարեփոխումներն առաջին հերթին ենթադրում են, պահանջում են քաղաքակրթական միջավայր, մթնոլորտ: Մաքսային միությունը դա քաղաքակրթական միջավայր է, մթնոլորտ է, սակայն լիովին խորհրդային: Ավելի շուտ` պոստխորհրդային, ինչն առավել այլանդակ ձև է: Այլանդակ այն պատճառով, որ շուրջը փոփոխվող աշխարհը առավել դիամիկ է առաջ գնում, իսկ դրան հակազդելու, այսպես ասած, միջավայրային մեթոդները շարունակում են մնալ նույն մտավոր մակարդակի վրա: Հետևաբար հակազդեցության գործընթացը ձեռք է բերում առավել այլանդակ դրսևորումներ:
Հայաստանն, ահա, այս միջավայրում է: Հնարավորություն կար դուրս գալ այս միջավայրից, սակայն դա թույլ չտվեցին, իսկ Հայաստանում չգտնվեցին իշխանություններ կամ ընդդիմություն, որոնք կկարողանային կամք ցուցաբերել և Հայաստանը շեղել այլանդակացող այդ միջավայրից: Եվ այդ միջավայրում չի կարող լինել վստահություն բարեփոխումների հանդեպ` ինչպիսին էլ որ լինի կառավարությունը: Արդեն այժմ կարող ենք կանխատեսել, որ հաջորդ կառավարությունը կարող է ավելի համակրելի կամ հակակրելի լինել, ավելի շատ մարդ կարող է սիրել հաջորդ նախարարներին ու վարչապետին, սակայն պետության զարգացման տեսանկյունից այդ կառավարությունը չի կարող անել այնպիսի մի բան, որը կհանգեցնի իսկապես հիմնարար փոփոխությունների: Իսկ բարեփոխումների հանդեպ հանրային վստահությունը հենց դա է:
Այսինքն` բարեփոխում ասվածը, ըստ էության, բարի գործը չէ, լավ գործը չէ, դրական որոշումները չեն, սոցիալական նպաստավոր քայլերը չեն: Բարեփոխումները դրանք ֆունդամենտալ նշանակություն ունեցող ռազմավարական որոշումներն են, որոնց կարճաժամկետ կտրվածքում նկատելի են բավական ցավոտ պահեր, ինչը սակայն հասարակության մոտ չի ընդունվում սվիններով, քանի որ կա վստահություն և համոզում, որ ռազմավարական առումով քայլը հանգեցնելու է հանրօգուտ, պետականանպաստ արդյունքի: Դա է բարեփոխումների հանդեպ վստահությունը:
Հետևաբար` այդ երևույթի համար հարկավոր է քաղաքակրթական համապատասխան միջավայր, համապատասխան որակի և նկարագրի տեր իշխող համակարգ, համապատասխան աշխարհայացքի և արժեքների կրող քաղաքական դաս, իշխանական և ընդդիմադիր «էլիտաներ», որոնց միջև փոխհարաբերությունները հիմնվում են գաղափարական-արժեքային-ծրագրային բանավեճի, ոչ թե անձնական քենի, նախանձի, խանդի, առևտրային վեճերի և պալատական ինտրիգների վրա: Մաքսային միությունը հենց երկրորդն է, որովհետև միավորում է այն համակարգերը, որոնք օժտված են հենց վերջին նկարագրային հատկանիշներով:
Հետևաբար` Սերժ Սարգսյանը կարող է նույնիսկ նոր կառավարություն չնշանակել: Մաքսային միության պայմաններում դա պետք չէ, որովհետև Մաքսային միությունը հենց այն տիրույթն է, որտեղ գործում են դե յուրե շրջանակների հետ որևէ կապ չունեցող դե ֆակտո մեխանիզմներով կառավարվող համակարգեր: Այլ կերպ ասած՝ հակասահմանադրական համակարգեր: Հետևաբար, եթե պետության կառավարման սահմանադրական կառույցներ ու ինստիտուտներ գոյություն չունենան էլ, թափուր էլ մնան, միևնույն է` կոլապս կամ քաոս չի լինի՝ այդ դե ֆակտո համակարգերն աշխատում են, դե ֆակտո հակասահմանադրական մեխանիզմները, փոխհարաբերությունների այդ սխեմաները աշխատում են:
Հայաստանին կառավարություն է պետք Մաքսային միության միջավայրից դուրս ապրելու վերաբերյալ քաղաքական որոշումից հետո միայն: Իսկ այդ որոշումը չկա, և չկա, չի երևում մարդը, որը կարող է, ունակ է և ուզում է կայացնել այդ որոշումը: Եվ առավել ևս` այդ մարդը Սերժ Սարգսյանը չէ:
Լուսանկարը՝ Armenpress-ի






































