Թմրավաճառների նավը խորտակվել է Կոլումբիայի ափերի մոտ. տղամարդիկ փրկվել են 1.2 տոննա կոկաինով լցված անջրանցիկ փաթեթների շնորհիվ, հաղորդում է Daily Mail-ը:
Կոլումբիայի ռազմածովային նավատորմի ներկայացուցիչները երեք տղամարդկանց հայտնաբերել են Թումակո քաղաքից 55 կմ հեռավորության վրա: Տուժածները բացատրել են, որ իրենց նավը ծածկել է մեծ ալիքը, որից հետո նրանք Խաղաղ օվկիանոսի ջրերում շուրջ երեք ժամ են անցկացրել՝ բռնվելով թմրանյութերի սև փաթեթներից:
Հանցագործներին տեղափոխել են ափ և բժշկական օգնություն ցուցաբերել: Ոստիկանները ստուգել են փաթեթները և 1.2 տոննա կոկաին հայտնաբերել: Տղամարդկանց անմիջապես ձերբակալել են և բերման ենթարկել: Ըստ տեղական մամուլի, նրանք կասկածվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Նշվում է, որ խորտակված նավից մեկ մարդ անհետ կորել է: Ռազմածովային նավատորմը որոնումներ է իրականացնում: