Christe’s աճուրդի տունը Նյու Յորքում աճուրդի կդնի ամերիկացի նկարիչ Նորման Ռոքուելի «Նորեկը» (1957) նկարը: Կտավը գնահատվում է 20-30 մլն դոլար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Յուղաներկով արված կտավում պատկերված են «Բոստոն Ռեդ Սոքս» բեյսբոլի պրոֆեսիոնալ թիմի 5 խաղացողներ, այդ թվում՝ Թեդ Ուիլյամսը, ով համարվում է բոլոր ժամանակների լավագույն խաղացողը: Նրանք հետաքրքրությամբ զննում են հանդերձարան եկած նորեկին, ով ձեռքերում պահում է ճամպրուկը, բեյսբոլի փայտը և ձեռնոցները:
Լոտը կներկայացվի մայիսի 22-ին կայանալիք աճուրդի ժամանակ, որը նվիրված կլինի ամերիկյան արվեստին:
Նշենք, որ նկարն աճուրդի է հանվում առաջին անգամ: Ներկայիս սեփականատերը, ում անունը չի հրապարակվում, այն ձեռք է բերել 1986-ին:
2013-ի դեկտեմբերին աճուրդում ամենաբարձր գնով՝ 46 մլն դոլարով վաճառվել է հիշյալ նկարչի մեկ այլ կտավ:









































