Հայաստանում զբոսաշրջիկներին հանդիպող առաջին խոչընդոտների շարքում ճանապարհների վրա տեղեկատվական վահանակների ոչ լիարժեք լինելն է: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) «Թեմիս» հիմնադրամի փորձագետ Էլեն Բերմանը՝ նշելով, որ անհատ զբոսաշրջիկները չեն կարողանում կողմնորոշվել:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի և Վրաստանի ենթակառուցվածքները, և ինչ համեմատական կարելի է անցկացնել, էկոնոմկիայի նախարարության հյուրը պատասխանեց, թե իրենք խնդիրներ չեն ունեցել. «Դժվար կլինի այս կարճ ժամանակի ընթացքում գնահատական տալը, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը դժգոհ կգնա Հայաստանից: Ճանապարհին հանդիպել ենք զբոսաշրջիկների, կիսվել ենք տպավորություններով, և նրանք դժգոհ չեն եղել»:
ՄԱԿ ԶՀԿ «Թեմիս» հիմնադրամի կամավորների ծրագրի ղեկավար Լուկա Մանոկիի կարծիքով, Հայաստանի խնդիրը հասանելիությունն է, քանի որ երկիրն ընդամենը 2 երկրի հետ բաց սահման ունի:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով, ոլորտի տարեկան միջին 20-25% աճն ասում է, որ մեր երկրի զբոսաշրջային արդյունքը պահանջարկ ունի միջազգային շուկայում, բայց զբոսաշրջությունը շատ արագ, դինամիկ զարգացող ճյուղ է, և միշտ նոր խնդիրներ դնելու և լուծելու անհրաժեշտություն է առաջանում: Նա չհամաձայնեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ զբոսաշրջության աճով Հայաստանը ետ է մնում իր հարևաններից. «Մեր աճի տեմպերը, կարծում եմ, ավելի բարձր են, քան մեր հարևաններինը: Տարեկան միջինը 25%-ը փոքր թիվ չէ, նույնիսկ ճգնաժամի տարիներին, երբ աշխարհում անկում էր, մեզ մոտ աճ եղավ, ետճգնաժամային տարին վերականգնողական էր՝ 19% աճ, իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալները դեռ հայտնի չեն: Հուսով եմ, կունենանք առնվազն 20% աճ»:








































