Ավազակային հարձակումների մեջ կասկածվող, հունիսի 14-ին մետրոյի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանի (ոստիկանների) կրակոցներից սպանված Արման Ենգիբարյանին Հատուկ քննչական ծառայությունը տուժող չի ճանաչում: Փաստաբանների պալատի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանը դիմել էր ՀՔԾ` Արման Ենգիբարյանին` տուժող, նրա հորը` տուժողի իրավահաջորդ, իսկ իրեն` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավելու համար: Երեկ տեղեկացանք, թե ինչ պատճառաբանությամբ չեն ներգրավվել:
«ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, ուստի Արման Ենգիբարյանի հորը՝ Սերգեյ Ենգիբարյանին տուժողի իրավահաջորդ, իսկ Ձեզ` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու հարցը կքննարկվի ՀՀ ոստիկանության աշխատակիցների արարքներին վերջնական իրավական գնահատական տալուց հետո»,-նշված է ՀՔԾ-ից ստացված պատասխանում:







































