ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Boeing և General Electric ընկերություններին տվել է պահեստամասերի՝ Իրան մատակարարման և հին ավիացիոն շարժիչների վերանորոգման թույլտվություն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Ընկերությունը կապի դուրս կգա իրանական պաշտոնական անձանց հետ՝ պարզելու, թե ինչ պահեստամասեր են անհրաժեշտ»,- գործակալությանը հայտնել է Boeing-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ խոսքը միայն հին օդանավերի պահեստամասերի մասին է, որոնք Իրանին են վաճառվել մինչև 1979-ի հեղափոխությունը: Նախարարության թույլտվությունը չի տարածվում նոր օդանավերի վրա:
Իր հերթին, General Electric-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռիկ Քենեդին ասել է, որ իր կորպորացիային թույլատրվել է իրականացնել 18 ավիացիոն շարժիչների կապիտալ վերանորոգում:
«Հաջորդ շաբաթ մենք Ստամբուլում կհանդիպենք իրանական հիմնական ավիափոխադրող Iranair-ի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե նրանց ինչ է հարկավոր»,- ընդգծել է նա: