Հանրապետականները վարչապետի փոփոխության հարց երբևիցե չեն քննարկել. եղել է վարչապետի հրաժարականի դիմում, որը չի քննարկվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նոր վարչապետի ընտրության ժամկետներին և կարգին անդրադառնալով՝ Սահակյանը խորհուրդ տվեց Սահմանադրության համապատասխան հոդվածները նայել, ապա տեղեկացրեց՝ նախ և առաջ, հանրապետության նախագահը քաղաքական խորհրդակցություններ կանցկացնի ԱԺ-ն ներկայացնող քաղաքական ուժերի հետ և դրանից հետո արդեն կկողմնորոշվի:
«Որոշում է եղել, որը հարգվել է մեր կողմից, ի վերջո, պետք է հաշվի առնեք, որ ցանկացած պետության մեջ ամենախոցելին վարչապետի պաշտոնն է և կարծում եմ՝ այսպես տարիներով աշխատանքի տեսակետից ծանրաբեռնվածությունը բավական մեծ էր, բավական խնդիրներ հաղթահարվել են, մնացածը իր որոշման հետևանքն է»,- ասաց նա: Հարցին՝ Սերժ Սարգսյանն էլ է անակնկալի եկել վարչապետի որոշումից, Սահակյանը պատասխանեց. «Մի մտածեք՝ ես էն գործիչն եմ, որ կարելի ա քերել, մի բան անել, ինչը որ ասել եմ հրապարակայնորեն, էդպես է»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոր վարչապետը դարձյալ իշխող մեծամասնությունից պիտի լինի, Սահակյանը պատասխանեց, որ դա ավելի տրամաբանական է, ապա նշեց, որ վարչապետ ընտրելիս իրենք ոչ թե մտածել են, որ պարտադիր հանրապետական լինի, այլ ավելի շատ փորձել են ընտրել մեկին, ով իրենց ընտրած ռազմավարությունն իրականացնի:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ արդյոք ոչ իշխանական քառյակի օրակարգում փոփոխություններ կլինեն, թե քառյակը պարզապես կմասնատվի՝ օրակարգային գլխավոր խնդրի չեզոքանալու հետևանքով, Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ էլ կարծում, որ քառյակն էնպես է կազմավորված, որ պիտի փլվի կամ չփլվի, նոր-նոր առաջին քայլերն է անում: Ճիշտն ասած՝ իրենց քննարկումներին մասնակից չեմ դառնում, չգիտեմ էլ՝ վերջին հաշվով ինչ են ուզում, որովհետև ծրագրային մոտեցումներ դեռևս չեն հրապարակել»: Խմբակցության ղեկավարը նշեց, որ նոր կոալիցիայի շուրջ քննարկումներ դեռևս չունեն:
Հարցին բացառում է արդյոք նոր Կառավարությունում նախարարական որոշ «աթոռներ» ոչ իշխանական ուժերին «զիջելը»՝ նա պատասխանեց, որ դա բացառելու անհրաժեշտություն չկա, իրենք ընտրություններից հետո հրապարակավ են հայտարարել՝ ովքեր ուզում են, թող գան, մասնակից դառնան բարեփոխումների, որ ակնկալվում են:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































