Հանրապետական կուսակցությունը ոչ խմբակցության, ոչ էլ քաղխորհրդի նիստեր դեռ չի ունեցել, ուստի նոր վարչապետի թեկնածությանը վերաբերող հարցեր չեն քննարկվել: Ապրիլի 4-ին Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դրդապատճառների մասին, նշեց. «Վարչապետները հո հավիտենական չե՞ն լինում, վեց տարի կառավարել է, երևի թե նախագահը հարմար է գտել, որ նոր վարչապետ լինի: Իհարկե, ճիշտ է, նախագահի բոլոր քայլերն էլ ճիշտ են»:
Երբ հիշեցրին՝ որոշումը նախագահը չի կայացրել, այլ հենց ինքը՝ վարչապետը, պատգամավորը պատասխանեց. «Դե, երևի նա էլ է ճիշտ որոշում ընդունել, որովհետև սխալ որոշումներ մարդ իր նկատմամբ հո չի՞ կայացնի: Ես այն կարծիքին եմ, որ երկրի վարչապետը երբ հրաժարական է տալիս, բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին ավելի լավ է ավելի կոմպետենտ մարդկանց հարցնել»:
Հարությունյանը նշեց, որ վարչապետի հրաժարականի մասին երեկոյան ուշ են իմացել, ինքն առայժմ հանրապետականներից մարդ չի տեսել, ոչ խմբակցության նիստ են ունեցել, ոչ խորհրդի, ուստի ավել ոչինչ չի կարող ասել, բայց կարծում է, որ նոր վարչապետը պետք է հանրապետական կուսակցությունից մեկը լինի, որովհետև նա պետք է ներկայացնի քաղաքական մեծամասնությունը՝ անկախ նրանից՝ ով կլինի:
«Իմ կարծիքով, տրամաբանությունն էլ դա է հուշում, որ իհարկե, պետք է լինի հանրապետական կուսակցությունից, կարող է նաև լինել ոչ կուսակցության անդամ, բայց որ ՀՀԿ-ն է առաջադրում վարչապետի թեկնածությունը, դա այդպես պետք է լինի, որովհետև քաղաքական մեծամասնությունն ընտրություններում հաղթած կուսակցություն է և ինքն էլ պետք է ներկայացնի»,- ասաց նա:
Պաշտոնավարման ժամանակ Տիգրան Սարգսյանի բացթողումներին անդրադառնալով՝ Հարությունյանը նշեց, որ չկա որևէ մարդ, ով աշխատի և բացթողումներ չունենա, բացթողումներ չեն ունենում միայն նրանք, ովքեր երբեք չեն աշխատում: «Պետք է արժանին մատուցել վարչապետին, որ վեց տարի ղեկավարել է էդ բնագավառը, իհարկե, ունեցել է և հաջողություններ, և անհաջողություններ, բայց բոլոր աշխատող մարդիկ՝ սկսած ձեզնից, վերջացրած վարչապետով, նախագահով, իրենց անցած ճանապարհին թույլ են տալիս նաև սխալներ»,- ասաց նա:









































