«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այնքան էլ չի կարևորում Հայաստանում վարչապետների փոփոխությունը: Եվ այդ առումով նրա կարծիքով` Տիգրան Սարգսյանի հրաժարականն ու հաջորդ վարչապետի նշանակումը Հայաստանում որևէ լուրջ հաջողություն կամ փոփոխություն չեն բերելու: Բացի այդ, նա գտնում է, որ մեր երկրում վարչապետի ու նախագահի նշանակումները ոչ թե ընտրություններով, այլև Ռուսաստանի ցանկությամբ է պայմանավորված: Եվ քանի դեռ մեր իշխանությունների արտաքին կողմնորոշումը դեպի ՌԴ և Մաքսային միությունն է, Հայաստանում չեն լինելու ընտրություններ: «Նախագահների, վարչապետների, նույնիսկ մարզպետների ու վարչության պետերի նշանակումը Մոսկվայի հետ են համաձայնեցնելու: Դրա համար ես միշտ գտել եմ, որ մեր պետությունը պիտի ուղղություն վերցնի դեպի արևմտյան արժեքները, որտեղ նախագահներն ընտրվում են, որտեղ դատական համակարգն անկախ է, որտեղ կրթությունն իրական է»,- ասում Արամ Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, Ձեր կարծիքով` ինչո՞ւ այսքան անսպասելիորեն Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց:
– Քանի դեռ Հայաստանում իրական համակարգային փոփոխություններ չեն եղել, ես երբեք վարչապետի հրաժարական չեմ պահանջել: «Հանրապետություն» կուսակցությունը միշտ հասկացել է, որ այս երկրում պետք է լինի ոչ թե անձերի փոփոխություն, այլ իրական համակարգային փոփոխություն, որն իր մեջ ներառում է Հայաստանի ապագայի զարգացման ծրագրերը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է զարգանա արևմտյան արժեքներով, համամարդկային արժեքներով զարգացող երկրների նման՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով:
Այն ուժերը, որոնք ՄՄ են ձգտում, նրանք կողմնակից են, որ ՀՀ-ում ընտրությունները լինեն ինչպես Ռուսաստանում, ինչպես Ղազախստանում: Իշխանություններն էլ կնշանակվեն ու կազատվեն Մոսկվայի կողմից: Եվ քաղաքական դաշտում գործող մնացած բոլոր ուժերն էլ պահում են դեպի Մոսկվա տանող ուղին, գովաբանում են Մոսկվային, որ իրենք այնտեղից նշանակվեն: Խոստանում են ավելի լավ ծառայել, քան այս իշխանությունն է ծառայում: Այս առումով այստեղ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն մեզ չի հետաքրքրում: Մեր խնդիրն է հասնել նրան, որ Հայաստանն ունենա այնպիսի իշխանություն, որոնց համար գերակա արժեքը Հայաստանի անկախությունն է ու ժողովրդավարությունը:
– Ձեր կարծիքով` կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ծավալվող դժգոհությունները, ոչ իշխանական ուժերի ճնշումներն իրենց ազդեցությունն ունեցե՞լ են Տ. Սարգսյանի հրաժարականի վրա:
– Ընդհանրապես դեպի ՄՄ գնացող բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք 49 տարով Հայաստանում ռուսական զորքերի տեղակայումը չեն քննադատել, որոնք ՄՄ-ին դեմ չեն եղել, որոնք գտել են, որ ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունն է միայն Հայաստանի փրկությունը, այդ կարգի քաղաքական ուժերի գործունեությունը կարող է օգտագործվել ռուսական կողմից: Եվ այդ ուժերը ռուական ազդեցությունը կարող են օգտագործել իրենց դերն այստեղ ուժեղացնելու համար: Իսկ եթե այդ ուժերը շեշտեն, որ իրենց ճնշմամբ է այդ փոփոխությունը եղել, ես երկրի համար փոփոխություն չեմ տեսնում, արդյունք չեմ տեսնում: Ոչ մի տարբերություն, թե Տիգրան Սարգսյանին փոխարինողն այդ թևից ով է լինելու: Հատկապես, որ ՌԴ-ն է որոշում, թե այստեղ ինչ փոփոխություններ պետք է անի: Ես նաև վստահ եմ, որ այս փոփոխությունը հենց այսօր է արվել:
– Պահի՞ ազդեցության տակ է արվել:
– Իմ կարծիքով` ոչ միայն պահի, այլև վերևից՝ հրահանգի ազդեցության տակ: Իսկ ՀՀԿ-ում ես չեմ տեսնում այնպիսի մեկին, ով կարող է Սերժ Սարգսյանին հակադրվել, իր տեսակետներն ասել ու պաշտպանել: Այսինքն` իշխանության մեջ ներիշխանական մրցակցություն ստեղծող անձ չեմ տեսնում:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ի վերջո, հաջողվել է Ռուսաստանից ստանալ վարչապետ նշանակվելու համաձայնությունը:
– Եթե այս իշխանությունները երկրի անվտանգությունից սկսած մինչև տնտեսություն ու ամեն ինչ հանձնել են Մոսկվային, Մոսկվան կարող է ցանկացած որոշում ընդունել: Կարող է Ժիրինովսկուն էլ առաջարկել: Ում ուզում են, թող դնեն: Դրանից երկրին, ժողովրդին որևէ դրական բան չի լինի: Ավելի լավ, թող դնեն Քոչարյանին: Հստակ կդառնա, որ այդ մարդիկ մի թիմ են, միասնական են գործել ու այսօր էլ միասնական են գործում: Ես ասել եմ, որ կգա ժամանակը, ու իսկական քաղաքականություն ծավալելու համար ջրերը կզուլալվեն: Այս գործընթացները միանշանակ տանելու են ջրերի զուլալմանը: Նոր կառավարության ձևավորումն էլ ինչ-որ չափով դաշտը կհստակեցնի: Դաշտում կան իշխանություն, ոչ իշխանական ուժեր, ու կձևավորվի նաև ընդդիմություն:











































