Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենց կուսակցությունը ընդդիմություն է ինչպես գործող իշխանություններին, այնպես էլ ՀԱԿ-ին, քանի որ երկուսն էլ որդեգրել են նույն՝ լիբերալ-ազատական քաղաքականությունը:
«Չեմ հասկանում, թե ՀԱԿ-ը ինչի՞ համար ստեղծվեց և ի՞նչ նպատակներ է հետապնդում, չեմ հասկանում նաև, թե իշխանություններին այսքան վարկաբեկելուց հետո ՀԱԿ-ը ի՞նչ է խոսելու այս ավազակապետության ներկայացուցիչների հետ»,-ասաց Ռ.Թովմասյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացը «թղթե տնակ է», որը հենց առաջին հանդիպման ժամանակ կփլվի»: «Այդ երկխոսությունը ոչինչ չի տա, ոչինչ չի լինելու, իշխանությունները մնալու են իրենց թալանչիական դիրքերում, ընդդիմությունն էլ՝ իր դիրքերում»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:









































