Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է, և քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:
Ֆելիքս Թոխյանը Արմնյուզ հեռուստաընկերության եթերում նույնպես պարզաբանում է ներկայացրել կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ կայացրած վճռի կապակցությամբ:
Թոխյանը հայտարարել է, որ մինչ այդ, կուտակային պարտադիր վճարները թողնված է գործատուների հայեցողությանը և ով ուզում է՝ կարող է շարունակել փոխանցել, իսկ ով չի ուզում՝ կարող է չփոխանցել:
Թոխյանը նշել է սակայն, որ նրանք, ովքեր փոխանցումները շարունակելու են մինչև սեպտեմբերի 30, դրանից հետո պարտավոր են հետ վերադարձնել այդ փողը աշխատողներին:Թոխյանը նշել է, որ ամեն ինչ շատ պարզ է՝ աշխատավարձը մարդու սեփականությունն է և մարդուն դրանից կարող են զրկել միայն դատարանի որոշումով: Ֆելիքս Թոխյանի խոսքով, եթե մարդը դեմ է իր սեփականության այս կամ այն կերպ տնօրինմանը, ուրեմն նրա կամքին հակառակ տնօրինել չի կարելի:Հարցին, թե արդյոք սա նշանակում է կուտակայինի վերջը, Թոխյանը ասել է, որ ՍԴ-ն իր վրա այլ գերատեսչությունների գործառույթ չի վերցնի և ԱԺ-ի ու կառավարության գործն է, թե ինչպես կփոխեն համակարգը, ինչ նոր համակարգ կմշակեն: Նա միայն շեշտել է, որ քաղաքացու աշխատավարձը կարող են տնօրինել միայն քաղաքացու համաձայնությամբ և եթե նա դեմ է որևէ ձևին, ուրեմն պետք է մշակել այնպիսի ձև, որին քաղաքացին համաձայն կլինի:








































